30/07/2022 18:00
Ինչպե՞ս խուսափել ջրահեղձումից և փրկել խեղդվողին. Հրահանգներ փրկարարից
Ի տարբերություն տարվա այլ եղանակների, ամռանն ավելի հաճախ են գրանցվում ջրահեղձման դեպքեր։ Այդ իսկ պատճառով ծովափնյա երկրներ մեկնելիս, բացի ճամպրուկներից, պետք է ձեզ հետ վերցնեք նաև մի շարք կարևոր խորհուրդներ և պահպանեք զգոնություն։
Aysor.am-ի թղթակիցը ջրահեղձման, ախտանշանների ու առաջին բուժօգնության մասին խոսել է փրկարար Հայկ Թադևոսյանի հետ։
«Ջրահեղձումից խուսափելու համար առաջին հերթին պետք է լինել զգույշ և ուշադիր, չլողալ գինովցած, կամ ոչ սթափ վիճակում, լողալով առաջ չանցնել թույլատրելի սահմաը, ջրային փոխադրամիջոցներից օգտվելիս ցուցաբերել հատուկ ուշադրություն և չգերազացել արագությունը։ Այնուամենայնիվ, եթե կա ջրահեղձման վտանգ, պետք է փորձել պահպանել հանգստություն և խուճապի չմատնվել, իսկ ջրահեղձման դեպքի առկայության պայմաններում շտապօգնություն կանչելը պարտադիր է», - ասաց փրկարարը։
Հայկ @ադևոսյանը նշեց նաև, որ մինչ բժիշկները ճանապարհին են, դեպքի վայրում գտնվողներն իրենք կարող եք փրկել ինչ-որ մեկի կյանքը. պետք է արագ գործել։
Եթե տուժածը ժամանակին դուրս չբերվի ջրից և չկատարվի վերակենդանացում, սիրտը կարող է կանգ առնել։ Լրացուցիչ ախտանիշ է կարկաչ շնչառությունը, երբ կարծես ինչ-որ բան եռում է կրծքավանդակում. Ժամանակին բժշկական օգնության բացակայության դեպքում երևույթը կարող է հանգեցնել շնչառության կանգի:
Մի շարք կարևոր քայլեր առաջին բուժօգնություն ցուցաբերելու համար
Հեռացնել ջուրը խեղդվողի թոքերից և ստամոքսից. Խեղդվողին իջեցնել ծնկի վրա՝ դեմքով ներքև, երկու մատները դնել նրա բերանում և կտրուկ սեղմել լեզվի արմատին, որպեսզի առաջանա ռեֆլեքս: Եթե մարդը սկսում է փսխել, ունի հազ, շարունակել սեղմել լեզվի արմատին 5-10 րոպե, մինչև ջուրը դադարի դուրս հոսել բերանից և քթից։ Առաջնային խնդիրն է օգնել տուժածին հնարավորինս ազատվել ստամոքս և թոքեր ներթափանցած հեղուկից։
Ստուգել շնչառությունը. հենվել դեմքին հնարավորինս մոտ: Եթե շունչ կա, այն կզգացվի այտին։ Շնչառությունը կարելի է գրանցել նաև խեղդվողի կրծքավանդակի շարժումներով։
Ստուգել զարկերակը. տեղադրել մատների բարձիկները տուժածի դաստակին կամ որևէ այլ հատվածի, որտեղ զարկերակները անցնում են մաշկին մոտ և սեղմել դրանք։
Պառկեցնել տուժածին մեջքի վրա՝ կոշտ մակերեսին:
Համոզվել, որ գլուխը մի փոքր ետ է (կզակը վերև): Դա անհրաժեշտ է, որպեսզի օդը մտնի թոքեր, այլ ոչ թե ստամոքս։
Ծածկել բերանը շղարշով կամ բարակ թաշկինակով և սեղմել քիթը, որից հետո օդը ուժով արտաշնչել դեպի ներս։
«Արհեստական շնչառությունը կարելի է լրացնել սրտի անուղղակի մերսումով միայն այն դեպքում, երբ տուժածն իսկապես սրտի բաբախյուն չունի։ Եթե զարկերակը շոշափելի է, մերսումն արգելված է», - հավելեց փրկարարը։
Կրծքավանդակի սեղմման դեպքում պետք է երկրորդ ձեռքի ափը դնել առաջինի վրա։ Եթե երեխա է՝ երկու մատը դնել կրծքին։ Արտաշնչումների միջև ընկած ժամանակահատվածում սեղմել կրծքավանդակը երեքից չորս անգամ: Ավելի նպատակահարմար է դա անել միաժամանակ՝ երբ մեկը արհեստական շնչառություն է տալիս, մյուսը՝ մերսում։
Եթե շնչառությունը և զարկերակը վերականգնվել են, և խեղդվողն իրեն բավարար է զգում, անհրաժեշտ է պառկեցնել նրան կողքի վրա և սպասել բժիշկներին։ Բժիշկները կգնահատեն տուժածի վիճակը և անհրաժեշտոության դեպքում կհոսպիտալացնեն։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։