30/07/2022 15:31
Ոստիկանությունն Արցախում իրականացրել է հատուկ միջոցառումներ. հայտնաբերվել են շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, զենք ու զինամթերք
Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, գնդապետ Արտյոմ Հարությունյանի հրամանով՝ երեկ Ստեփանակերտ քաղաքի կենտրոնական ու ծայրամասային փողոցներում, ինչպես նաև մայրաքաղաքը շրջաններին կապող ճանապարհահատվածներում իրականացվել են հատուկ միջոցառումներ, որի նպատակն է կանխել ու նվազագույնի հասցնել բոլոր տեսակի հանցագործությունները:
«Վերլուծությունը ցույց է տվել, որ այսօրինակ միջոցառումների շնորհիվ, Հանրապետության տարածքում զգալիորեն նվազել են իրավախախտումներն ու պատահարները:
Ոստիկանության պետ Արտյոմ Հարությունյանը ստորաբաժանումների ծառայողներին ու վերակարգի պատասխանատուներին նախ տվել է համապատասխան մի շարք հանձնարարականներ:
Ուժեղացված ծառայության ընթացքին հետևել ու տեղում ցուցումներ են տվել ՆԳ նախարարի առաջին տեղակալ Սամվել Պետրոսյանը, ոստիկանության պետն ու տեղակալ Վրույր Խաչատրյանը:
Հատուկ միջոցառումների շրջանակներում կանգնեցվել և վարորդների ներկայությամբ զննվել են բոլոր տրանսպորտային միջոցները, ինչպես նաև ստուգվել փոխադրվող բեռը։
Հայտնաբերվել են մի շարք խախտումներ, այդ թվում՝ առանց վարորդական իրավունքի վկայականի և անսթափ վիճակում տրանսպորտային միջոց շահագործելու դեպքեր: Ոստիկանության ծառայողները մեքենաներում հայտնաբերել են նաև շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, ինչպես նաև զենք ու զինամթերք:
Այս մասին հավելյալ տեղեկությունները կհրապարկվեն 02 հաղորդաշարի առաջիկա թողարկումներում, Police.nk.am կայքում և ՆԳ նախարարության ոստիկանության ֆեյսբուքյան էջում:
Խստացված ռեժիմով ծառայությունը Հանրապետության տարածքում կիրականացվի պարբերաբար»,-նշվում է Արցախի ոստիկանության տարածած հաղորդագրությունում: