30/07/2022 10:33
Բերձորը մեր ոգու հերթական ամրոցն է, ուր թշնամին ձգտում է մտնել ոչ թե մարտական փառքով, այլ՝ եղկելի ստորագրությամբ բացված «դարպասներով». Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով` Բերձորը հետանկախության շրջանի հայկական զենքի հաղթական փառքի վերջին խորհրդանիշներից մեկն է։
«Թվում է, թե Բաքվի բռնապետը ստացել է իր երազածից էլ ավելին՝ ոչ միայն Արցախից, այլ նաև նույնիսկ Հայաստանից բռնազավթված տարածքներ, ուստի Բերձորը՝ այսօր, ցավալիորեն, կիսաուրվական դարձած այդ քաղաքը, գրեթե ոչինչ է, և «անտրամաբանական» է դրան տիրանալու նրա մարմաջը։ Սակայն, բացի ամեն ինչից, Բերձորը հետանկախության շրջանի հայկական զենքի հաղթական փառքի վերջին խորհրդանիշներից մեկն է, որն ամեն օր հիշեցնում է մեր հերոսական ոչ շատ վաղ անցյալը, ուստի, ըստ բարբարոսների՝ մեզ պետք է զրկել նաև դրանից՝ արնաքամ անելու Հայաստանի ոչ միայն մարմինը, այլ նաև ոգին», - Facebook-ում գրել է Ոսկանյանը:
Ըստ նրա` Բերձորը պարզապես միայն բնակավայր չէ, հաղորդակցության ուղի չէ, գազամուղ կամ համացանցային մալուխ չէ, Բերձորն այն խորհրդանիշներից է, որը «մատնում է», որ Հայաստանը՝ որպես ազգ և պետություն, կարող է ունենալ ոգի, ջախջախել թշնամուն, ջախջախել հերոսաբար, ջախջախել անսպասելի, ջախջախել բարբարոսների անպարտելիության և մեր «թշվառ ու անտեր» լինելու հարյուրամյակների կարծրատիպը ոտնակոխ անելով։
«Բերձորը միայն տեղանք կամ քաղաք չէ, Բերձորը մեր ոգու հերթական ամրոցն է, ուր թշնամին ձգտում է մտնել ոչ թե մարտական փառքով, ինչպես դա արել ենք մենք՝ որպես այս սրբազան լեռնաշխարհի արժանի զավակներ, այլ եղկելի ստորագրությամբ բացված «դարպասներով»», - հավելել է իրանագետը: