30/07/2022 10:45
«Հովեր» երգչախումբը Մյունխենում հանդես կգա համերգով
«Հովեր» պետական կամերային երգչախումբը Գերմանիայի Մյունխեն քաղաքում այսօր հանդես կգա «Ա՛ռ քո թևերին, տա՛ր ինձ ժամանակ» խորագիրը կրող համերգով:
Համերգը նախաձեռնել և իրականացնում է EUROPAMUSICALE մշակութային հիմնադրամը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության, ԳԴՀ Բավարիա երկրամասի գիտության և արվեստի նախարարության, Բավարիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Քրիստինե Զասսեի աջակցությամբ:
Համերգը կկայանա՝ ի նշանավորումն Հայաստան-Գերմանիա դիվանագիտական հարաբերությունների, ինչպես նաև «Հովեր» պետական կամերային երգչախմբի հիմնադրման և գործունեության 30-ամյակների։
Միջոցառումն իրականացվում է Հայաստան-Գերմանիա (Բավարիա) միջմշակութային կապի ամրապնդման հեռանկարային ծրագրերի զարգացման նպատակով:
Համերգային ծրագիրն ընդգրկում է հայկական և արևմտաեվրոպական խմբերգային ստեղծագործություններ (Կոմիտաս, Ա. Ոսկանյան, Է. Հովհաննիսյան, Դ. Հալաջյան, Վ. Շարաֆյան, Ք. Պենդերեցկի, Վ. Բուխենբերգ, Ա. Պյարտ, Մ. Շաֆեր և այլք)։
Համերգը կղեկավարի Նարինե Ոսկանյանը, դաշնակահար՝ Շահանե Աղաքարյան։
Նշենք, որ «Հովեր» պետական կամերային երգչախումբն իր գործունեության 30 տարիների ընթացքում շուրջ 15 համերգով է հանդես եկել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում։ Մյունխենում երգչախումբը հանդես է գալիս երկրորդ անգամ։