01/08/2022 19:10
Շիզոֆրենիա. ախտանշանները, բուժումը
Շիզոֆրենիան քրոնիկ հիվանդություն է, որպես կանոն ի հայտ է գալիս 17-ից 30 տարեկան ժամանակահատվածում։
Չկա որևէ հատուկ ախտանշան, որով կարելի է կանխատեսել հիվանդությունը, որպես կանոն առաջին փուլում շիզոֆրենիա չի ախտորոշվում, հիվանդության ընթացքով է ախտորոշումը դրվում։ Առանձնացվում է ախտանշանների երկու մեծ խումբ՝ պոզիտիվ և նեգատիվ։
Պոզիտիվ խանգարումներ. ի հայտ են գալիս նախկինում երբևէ գոյություն չունեցած նշաններ՝ ցնորքներ (իրականում գոյություն չունեցող երևույթի ընկալում զգայարնների կողմից), նաև զառանցանք, մտածողության խանգարում (իրականության սխալ մեկնաբանում)։
Նեգատիվ ախտանշաններն ունեցած ֆունկցիաների լիարժեք կամ մասնակի կորուստն է։ Բնորոշ է էմոցիոների նվազումը, հիվանդը դառնում է անտարբեր, կորցնում է հետաքրքրությունը սիրելի երևույթների հանդեպ, թուլանում են կամային որակները՝ ի վիճակի չէ արդյունավետ գործունեությամբ զբաղվել, խաթարվում է կենտրոնանալու ունակությունը։
Հիմնականում ախտանիշները նկատվում են, երբ հիվանդությունը բավական զարգանում է, ուստի կարևոր է, որ երբ հարազատները նկատում են դեռահասների վարքային, էմոցիոնալ, մտածողական փոփոխություններ, անմիջապես դիմեն մասնագետի, քանի որ վաղ փուլում ախտորոշելու դեպքում հնարավոր է հիվանդին օգնել։
Այսպիսով, եթե դեռահասը հանկարծ սկսում է պարփակվել, հրաժարվում է տնից դուրս գալ, ցանկություն չի հայտնում շփումների, անտարբեր է դառնում անձնական հիգիենայի հանդեպ, դառնում է դյուրագրգիռ, նեղացկոտ, բծախնդիր, ձեռք է բերում տարօրինակ, յուրահատուկ հետաքրքրություններ, կորցնում է ուսման հանդեպ հետաքրքրությունը, պետք է դիմել մասնագետի։ Վերոնշյալ ախտանշանները պարտադիր չէ, որ վկայեն շիզոֆրենիայի մասին, բայց կարող են ահազանգել այլ խանգարումների մասին։
Բուժման հիմքը դեղորայքն է, կա նախատրամադրվածություն, թե դեղորայքը կախվածություն է առաջացնում, նոր պրեպարատների դեպքում այդ նախատրամադրվածությունը տեղին չէ, դեղորայքն, այո, ունենում է կողմանկի հետևանքներ. մեծ դեղաչափի, երկարատև ընդունման դեպքում կարող են նկատվել վերջույթների դող, խոսքի խաթարում։ Եթե հիվանդը գտնվում է բժշկի մշտական, անընդհատ, շարունակական հսկողության ներքո, առավել մեծ է հավանականությունը մինիմալ դեղաչափ ստանալու՝ այդպիսով նաև կանխելու հնարավոր բացասական ազդեցությունը։
Դեղորայքային բուժմանը զուգորդվում է փսիխոթերապիան, որն արդյունավետ չէ հիվանդության սուր փուլում, լավացման, հետսրացման շրջանում փսիխոթերապիան կարող է լինել խիստ արդյունավետ, քանի որ պատրաստում է հիվանդին հետագա կյանքին, սոցիալիզացվելուն, սեփական հիվանդության դեմ պայքարին։
Լիարժեք կյանք վերադառնալու հարցում կարևորվում է նաև արտահիվանդանոցային կենտրոնների դերը։ Եթե հիվանդը լավացման շրջանում շարունակի պարփակված մնալ, դեղորայքն արդյունավետ չի լինի։ Սրացման փուլում հիվանդը չպետք է տանը մնա. վտանգավոր կարող է լինել ինչպես շրջապատողների, այնպես էլ սեփական առողջության համար։
Շիզոֆրենիայի դեպքում երկու հիմնական գործոն կա, որով պայմանավորվում է ինքնասպանության հանդեպ հակվածությունը։ Առաջինը հրամայողական բնույթի լսողական ցնորքներն են. այս դեպքում կարևոր է հիվանդի իրազեկվածությունը, եթե հիվանդը չի հասկանում՝ ինչ է իր հետ կատարվում, հակված է ենթարկվելու այդ հրամաններին, իսկ իրազեկվածության՝ հասկանալու դեպքում, որքան էլ որ քննադատական վերաբերմունքն այդ հրամանների հանդեպ մեծ չէ, այնուամենայնիվ կա հակվածություն այդ ցնորքներին դիմադրելու։
Շիզոֆրենիայի ընթացքում զարգացող դեպրեսիան ևս պատճառ է դառնում ինքնասպանության։ Այն բնորոշ է վաղ փուլերին, երբ դեռ էմոցիոնալ ոլորտը պահպանված է. սուր են վերապրում իրենց հետ կատարվողը։
Տարածված կարծիքը, թե շիզոֆրենիա ունեցող մարդիկ ագրեսիվ են, այնքան էլ ճիշտ չէ։ Առավել բնորոշ է չարտահայտվող, չիրագործվող ագրեսիան՝ բարկություն, դժգոհություն, թշնամական վերաբերմունք, հայհոյանքներ, մինչդեռ իրական ագրեսիայի դեպքերը ավելի քիչ են, քան ընդունված է կարծել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։