01/08/2022 19:40
Սպիտակաձավարի օգտակար հատկությունները և կիրառությունը
Սպիտակաձավարի շիլան իր հատկություններով շատ հակասական է։ Ներկա սերունդը վստահ է, որ բացի հագեցվածությունից ու դատարկ կալորիաներից, այն ոչ մի կերպ չի ազդում օրգանիզմի վրա, իսկ ավագ սերնդի ներկայացուցիչները չեն կասկածում, որ սպիտակաձավարն ամենաօգտակար մթերքներից է։
Սպիտակաձավարը աղացած ցորենի հատիկների ամբողջություն է։ Այն օգտագործվում է ոչ միայն շիլա պատրաստելիս, այլև տարբեր խմորեղենների, սոուսների պատրաստման ժամանակ։
Սպիտակաձավարի առավելությունները՝
արագ եփում,
ունի բարձր կալորիականություն և լավ է յուրացվում օրգանիզմի կողմից,
բջջանյութի փոքր տոկոսի պատճառով (մոտ 0,2%) ստամոքս-աղիքային տրակտի օրգանների վրա գրգռիչ ազդեցություն չի ունենում։
Սպիտակաձավարի թերությունները՝
բարձր կալորիականություն,
վիտամինների և միկրոէլեմենտների ցածր պարունակություն:
Սպիտակաձավարը խորհուրդ է տրվում վարակիչ և ոչ վարակիչ հիվանդություններից և վիրահատություններից հետո ապաքինման շրջանում գտնվող մարդկանց, տարեցներին, մարսողական խնդիրներ ունեցողներին։ Մարմնի քաշի պակաս ունեցող երեխաների սննդակարգում կարելի է ներառել սպիտակաձավարով ուտեստներ։ Սակայն պետքէ նկատի ունենալ, որ դրա հաճախակի օգտագործումը հանգեցնում է քաշի արագ ավելացմանը։
Սպիտակաձավարի շիլան իր բաղադրության մեջ պարունակում է սնձան՝ հացահատիկների մեջ պարունակվող բուսական սոսնձային նյութ, որը նրանց գլխավոր սննդարար մասն է կազմում։
Սպիտակաձավարով շիլաները ավելի համեղ և օգտակար դարձնելու համար, խորհուրդ է տրվում օգտագործել թարմ մրգեր կամ հատապտուղներ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։