02/08/2022 11:58
Չի կարելի ասել, թե ամեն ինչ առջևում շատ պայծառ է. Վահան Քերոբյան
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն «Արմենպրեսի» թղթակցի հետ զրույցում խոսելով տարվա առաջին կիսամյակի մակրոտնտեսական ցուցանիշներից, 6 ամսում գրանցված տնտեսական ակտիվության ցուցանիշի 11.8 տոկոս աճից՝ ասել է. «11.8 տոկոսը լավագույնն է վերջին 15 տարիների ընթացքում: Սակայն, բնականաբար, չի կարելի ասել, թե ամեն ինչ առջևում շատ պայծառ է, քանի որ թե ամբողջ աշխարհը, թե հատկապես մեր տարածաշրջանը լեցուն է մարտահրավերներով: Եվ այդ առումով մենք պետք է ոչ թե թուլացնենք, այլ հակառակը՝ ուժեղացնենք մեր աշխատանքը, որ արձանագրված արդյունքներն ամրապնդենք նաև հաջորդ եռամսյակների և տարիների համար»:
Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտում տարվա առաջին կիսամյակի արդյունքում 5.5 տոկոս նվազմանը՝ նախարարը խոսեց տվյալների հավաքագրման, թվային տվյալների բացակայության խնդրի մասին: «Այն, կարծում եմ, չի համապատասխանում իրականությանը, մենք տեսնում ենք, որ գյուղարտադրանքի արտահանումը, թողարկումն իսկապես ավելացել է, դա չէր կարող լինել, եթե գյուղատնտեսությունը նվազած լիներ», - ասաց Քերոբյանը:
Սակայն, նախարարի վստահեցմամբ, հիմա գյուղատնտեսության մասին օրենք է նախապատրաստվում, որի նպատակը ոլորտն ավելի լավ կառավարելն է:
Անդրադառնալով մտահոգությանը, թե տնտեսությունում նկատվող այդ աճը կարճաժամկետ է, տնտեսությունում խնդիրներ կլինեն, եթե զբոսաշրջային հոսքը կանգնի, եկածները հետ գնան՝ Քերոբյանն ասաց. «Վստահ ենք, որ այս աճը, արդյունքը ոչ թե կարճաժամկետ է, այլ հակառակը՝ բավականին երկարաժամկետ: Աճում է նաև այն պոտենցիալը, որը թույլ է տալու, որ մենք հաջորդ տարիներին աճենք: Կառավարությունը միտված է նրան, որ Հայաստանի ընկերությունների արտադրողականությունը, հետևաբար պոտենցիալը բարձրանա»,-ասաց Քերոբյանը՝ շեշտելով տնտեսական արդիականացման ծրագրի մասին, որով ընկերությունները կարող են գնել սարքավորումներ, հոսքագծեր, և կառավարությունը կֆինանսավորի այս վարկերի, լիզինգի տոկոսները:
«Եվ հուլիսին հունիսի նկատմամբ մոտ 10 տոկոսով ավելացել է հայկական բեռների թողունակությունը: Դա ավելի քիչ է, քան մենք պլանավորել էինք, քանի որ մեր կարծիքով այն պետք է տար առնվազն 30-տոկոսանոց աճ: Ես պատրաստվում եմ այս տվյալներով կիսվել իմ գործընկերոջ հետ: Հենց հերթերի առումով մենք ունենք բարելավում, բայց ոչ այն չափի, որ նախատեսել էինք: Այս տեսանկյունից քննարկումներն ու աշխատանքները շարունակվում են»,-վստահեցրեց նախարարը: