02/08/2022 11:39
Հայրենակիցնե՛ր, սթափվեք. դարերով երազած, արյան գնով անկախացած հայրենիքը վտանգված է. Կամո Աթայան
Շուրջ 600 տարվա պետականության կորստից հետո վերջին 100 տարվա ընթացքում ունեցանք կարճ, բայց հստակ կենսագրությամբ Հայաստանի առաջին Հանրապետություն, այնուհետև 70 տարի ԽՍՀՄ-ի կազմում զարգացող ՀԽՍՀ, և գերտերության փլուզումից հետո առաջացած Հայաստանի անկախ 3-րդ Հանրապետություն, որը պատվար ու անվտանգության երաշխավոր էր 1991-ին Հայոց մեծ պայքարի շնորհիվ հռչակված, դե ֆակտո գոյություն ունեցող ու զարգացող, դե յուրե միջազգայնորեն ճանաչման ուղին բռնած Արցախի Հանրապետության:
Նորահռչակ Հայոց երկրորդ հանրապետությունն ինչ-որ առումով իրավահաջորդն էր ԽՍՀՄ-ի տարիներին ԱդրԽՍՀ-ին անօրեն բռնակցված, բայց ինքնուրույնության որոշակի աստիճան ունեցող ԼՂԻՄ-ի, որն, ի տարբերություն Նախիջևանի Հանրապետության, 70 տարվա պայքարով ոչ միայն չհայաթափվեց, այլև պետականաշինության լուրջ բովանդակությամբ մի յուրահատուկ ազգային սուբյեկտ էր, որտեղ նույնիսկ խորհրդային տոտալիտարիզմի պայմաններում պահը բաց չէին թողնում պայքարելու ՀԽՍՀ-ին միանալու արդարացի պահանջի համար:
Անկախության տասնամյակներին ՀՀ-ն ունեցավ 4 իշխանություն, որոնք ձևավորվել էին «հետխորհրդային դեմոկրատիայի և հայության էությանը հարիր» կանոններով, և ըստ էության կարելի է ասել, որ առաջին 3 իշխանություններն այնուհանդերձ փոխլրացնում էին իրար՝ անառիկ պահելով Հայաստանի ավելի քան 41000 քառ.կմ տարածքները։
Առաջին իշխանությունը մի առանձնահատկություն ունեցավ. ստեղծվելով Արցախյան շարժման հզոր ալիքի վրա՝ շուտով սկսեց հետ նահանջել իր իսկ սկզբունքներից և հրաժարականով ասպարեզը թողեց 1998-ին:
ՀՀ-ն մինչև 2018 թվականը ունեցած իշխանությունները բարդ աշխարհքաղաքական և շրջափակման պայմաններում ապահովեցին պետության որոշակի զարգացում, որի վրա էլ խարսխվեց անվտանգության համակարգը, որն ընդգրկում էր նաև Արցախը:
Նախկին իշխանությունների՝ հատկապես ներքին կյանքին վերաբերող լուրջ, ճակատագրական սխալների ու բացթողումների հետևանքով 2018-ին ժողովուրդը ամբոխացավ և «ոչ» ասաց նրանց ու խառնիխուռն իրավիճակում ամեն ինչ վստահեց ասպարեզում հայտնված, կյանքում համարյա ոչինչ չարած մի խումբ քայլիստների, որոնց ճնշող մեծամասնությունը նույնիսկ չէր ծառայել Հայոց բանակում և ուներ կասկածելի անցյալ։
Փորձի, գիտելիքի, միջազգային բարդ անցուդարձին ծանոթ լինելու մասին խոսելը նույնիսկ ավելորդ է:
Ինչևիցե ժողովուրդը նրանց վստահության քվե տվեց՝ ակնկալելով խաղաղ ու բարեկեցիկ կյանք:
Քաղաքական «շուլերներց» կազմավորած իշխանությունը շուտով երկիրը տարավ ողբերգական պատերազմի, որի արդյունքներով մենք ոչ միայն կորցրինք Արցախի տարածքների 75 տոկոսը, տվինք հազարավոր զոհեր, տասնյակ հազարավոր հաշմանդամներ, այլև պայքարելու, հայրենի հողը պաշտպանելու՝ բանական էակին ի վերուստ տրված հատկությունը:
Այդ պատերազմի ընթացքը ցույց տվեց նաև, որ իշխանությունների վարած անգրագետ դիվանագիտության, անիմատ քաղաքականության շնորհիվ զրկվել ենք նույնիսկ աշխարհում ունեցած փոքրաթիվ բարի կամեցողներից:
Ասպարեզ բերելով «խաղաղության դարաշրջանի» միֆը՝ պարտված, հողատու իշխանություններն աճուրդի են հանել Հայաստանը՝ տրվելով թուրք-ադրբեջանական գիշատիչ տանդեմի թելադրանքին ու հայասպան պարտադրանքներին:
Հայաստանի և սփյուռքի հարգարժան քաղաքացի, այս ամենը քո անտարբերության պատճառով շարունակվելու է և արդեն իսկ նկատելի է, որ «գործող իշխանությունը» բոլորին սխալ է հանելու, ու այդ ֆոնի վրա իրենք դեռևս պահպանվող պետականության մասունքների վրա ինքնահերոսանալու են։
Աշխարհի ժողովուրդների ու պետությունների համար գոյություն ունի աքսիոմատիկ ու հասարակ ճշմարտություն՝ պարտված իշխանության հետ ժողովուրդն ապագա և անցնելիք ճանապարհ չունի, ինչքան էլ նրանք քաղաքական ֆոկուսներով ու անկիրթ քայլերով փորձեն հակառակը մատուցել։
Սթափվիր հայ մարդ, հիշիր, որ դու հաղթել գիտես և նորանկախ Արցախը դրա արդյունքն էր, վաղը ուրիշին մեղադրելու ոչ մի իրավունք չես ունենալու, քանզի առաջինը դու ես պարտավոր պաշտպանել քո հայրենիքն ու պետականությունը, որը լրջորեն վտանգված է աշխարհաքաղաքական նշմարվող հակասական նոր ճարտարապետության պայմաններում:
Հիշենք, որ հայրենասիրությամբ պետությունն ապրում ու զարգանում է, իսկ դրա պակասից կամ բացակայությամբ՝ կործանվում... համարյա այսպես է գրված ՀՀ Զինված ուժերի մի զորամասի մուտքի պատի մեծ պաստառի վրա։
Հ.Գ.1. Հոգնել ու դանդաղել չկա, նման թեմատիկան անհրաժեշտ է այնքան շարունակել, որ հայ խաբված մարդուն պարտադրած ստախոսության, զազրախոսության, անտարբերության հաստ շերտով ծածկված, մթագնած գիտակցությունը նման զրույցներով ու բանավեճով կրկին պարզվի ու ինքը վերգտնի իրեն՝ տեր կանգնելով իր երկրին և արժեքներին։
Հ.Գ.2. Վերջին իրողությունները կարծես հաստատում են, որ սկսված է հայկական հզորության՝ Հայաստան- Արցախ-Սփյուռք եռամիասնության մասնատման ազգակործան գործընթացը։