03/08/2022 18:10
Խորհուրդներ՝ հղիության ընթացքում երակային հիվանդությունների կանխարգելման համար
Կանանց դեպքում երակային հիվանդությունների զարգացման համար նպաստող գործոնները շատ ավելի շատ են. հիմնական գործոնները՝ հղիություն, ծննդաբերություն։
Հղի կանանց դեպքում որոշակի ժամկետից հետո արգանդն սկսում է մեծանալ և ճնշում գործադրել կոնքի երակային համակարգին, մեխանիկական սեղմվածության հետևանքով ի հայտ է գալիս գերճնշում երակային համակարգում՝ հատկապես ստորին վերջույթների շրջանում։
Հղիության ընթացքում հորմոնալ փոփոխությունները (էստրոգենների փոփոխությունը) նպաստում են երակի պատի թուլացման։
Երկու գործոնների համադրմամբ տեղի են ունենում երակի պատի դեֆորմացիաներ՝ նախատրամադրվածություն ունեցող կանանց դեպքում։ Գործոնների շարքում է նաև կանանց պակաս շարժունակ դառնալը. մկանների պասիվության, քաշի ավելցուկի հետևանքով գերճնշումն ավելի է զարգանում։
Կանխարգելման համար արդյունավետ են կենսակերպի, կենցաղային սովորությունների փոփոխությունները։ Հղիներին խորհուրդ է տրվում շատ շարժվել, նստելիս ոտքերը բարձր դիրքով դնել, նաև թեք նստել, որպեսզի արգանդը վերևից ներքև ուղղակիորեն չսեղմի կոնքի անոթները։
Հագուստի ընտրությունը ևս կարևոր է. սեղմող հագուստը, ոտքը ոտքին գցած, ոտքերը ծալած դիրքով նստելը, կտրող եզրերով ներքնազգեստը, որ հատկապես աճուկային հատվածում է սեղմում, սեղմող գուլպաները, զուգագուլպաները կարող են հանգեցնել երակային գերճնշման։
Կարևոր է, որ անոթային փոփոխություններ ունեցողները մինչև հղիություն պլանավորելը դիմեն անոթային վիրաբույժի։
Հղիության ընթացքում անոթային խնդիրների ի հայտ գալու դեպքում կիրառվում են ինչպես թույլատրելի դեղորայքային բուժում, այնպես էլ բժշկական էլաստիկ տրիկոտաժի տեսակներ՝ հղիության տարբեր ժամկետներում։
Խնդիրների, ռիսկերի դեպքում պետք է հղիության ողջ ընթացքում անոթային վիրաբույժի հսկողության ներքո լինել։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։