03/08/2022 19:00
Կրծքով կերակրման կարևորությունը, առավելությունները
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս մինչև վեց ամսական երեխաներին կերակրել միայն կրծքի կաթով, այն համարվում է անփոխարինելի սնունդ նորածինների համար, պաշտպանում է տարատեսակ հիվանդություններից։
Կրծքի կաթն ընդունված է համարել երեխայի համար լավագույն սնուցման միջոց. այն հարուստ է վիտամիններով, հորմոններով, սպիտակուցներով, ճարպերով, ածխաջրերով, որ ապահովում են երեխայի բնականոն զարգացումը, պաշտպանում վարակիչ հիվանդություններից։
Կյանքի առաջին օրերին երեխաները սնվում են կաթնախեժով, այն ավելի խիտ է, ունի լուծողական հատկություն, ինչի շնորհիվ աղիներն ավելի հեշտ են դատարկվում։ Մինչև երկու շաբաթ կաթը համարվում է անցումային, ապա՝ հիմնական։
ԱՀԿ-ն խորհուրդ է տալիս կրծքի կաթով կերակրել մինչև երկու տարեկանը, դրանից հետո կաթոը որակապես փոխվում է։
Երեխային պետք է կերակրել ըստ պահանջի, եթե նորածինը ձեռքերը տանում է բերանը, ունի թքարտադրություն, նշանակում է քաղցած է։ Սովորաբար մեկ օրում նորածիններին կերակրում են 8-ից 10 անգամ, այսինքն՝ երկուսից երեք ժամը մեկ։ Եթե երեխաները քնում են 3-4 ժամ, մայրը պետք է անպայման արթնացնի փոքրիկին և կերակրի, հակառակ դեպքում կարող է քաշի կորուստ լինել։
Կյանքի առաջին վեց ամիսներին նորածինների քաշը ավելանում է 500 գրամով, եթե քաշի ավելացում չի լինում, երեխայի մաշկը չոր է, նշանակում է երեխան թերսնված է։ Տարածված միֆերից է, թե կրծքի կաթով երեխան չի կշտանում, պետք է համբերատար կերակրել. այն կարող է տևել 30 րոպեից մեկ ժամ։
Կարևոր է հիշել՝ կաթնախառնուրդների պետք է անցնել կրծքով կերակրման հակացուցումների դեպքում միայն, կրծքով կերապրումը շատ այլ կարևոր գործոնների հետ մեկտեղ օգտակար է նաև նորածնի և մոր միջև հոգեբանական կապի ստեղծման հարցում։ Եթե կրքծի կաթի բաղադրությունը փոխվում է երեխայի աճի հետ մեկտեղ, ապա կաթնախառնուրդներն ունեն կայուն բաղադրություն։ Կարևոր է կաթնախառնուրդ ընտրելիս անպայման խորհրդակցել մանկաբույժի հետ։
Ծնողները, որ զբաղվածության պատճառով նախընտրում են երեխային կերակրել կաթնախառնուրդով, պետք է հիշեն, որ կարելի է կրծքի կաթը կթել, այն սառնարանում թույլատրելի է պահել մինչև երեք օր, սենյակային ջերմաստիճանում՝ 6-8 ժամ։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։