03/08/2022 19:25
Պառկելախոց․ Հիվանդության զարգացման փուլերն ու ախտանշանները
Պառկելախոցը երկարատև ճնշման հետևանքով առաջացող մաշկի, ենթամաշկային բջիջների և այլ հյուսվածքների մեռուկացումն է: Այն առաջանում է տևական անկողնային հիվանդների մարմնի այն հատվածներում, որտեղ մաշկն անմիջապես հպվում է ոսկրային արտացցվածքներին: Պառկելախոցը առավելապես լինում է պոչուկի, թիակների, կրունկների և արմնկային հոդերի շրջանում:
Խորը, երկար ժամանակ չապաքինվող պառկելախոցեր են գոյանում ողնուղեղի վնասվածքների, ողնուղեղի ճնշումով ուղեկցվող հիվանդությունների կամ խոշոր նյարդերի վնասման հետևանքով: Պառկելախոցերի առաջացման հնարավորությունները մեծանում են սակավարյունության, վիտամինային անբավարարության և նյութափոխանակության խանգարումների ժամանակ:
Դրանց առաջացմանը նպաստում են վատ խնամքը, հիվանդի անկողնու և ներքնաշորի ոչ ստերիլությունը, կոպիտ կարերն ու ծալքերը, ողնաշարի վնասվածքով հիվանդի մարմնի տակ դրված ոչ հարթ հարմարանքը կամ ներքնակը:
Մաշկի վրա պառկելախոց կարող է առաջանալ նաև գիպսակապերի, օրթոպեդական պրոթեզների և սարքերի, բերանի լորձաթաղանթի վրա` պրոթեզների ճնշումից:
Տարբերում են պառկելախոցի զարգացման 3 փուլ.
Մաշկի կարմրության
Չոր մեռուկացման
Խոնավ մեռուկացման
Առաջին փուլը կարող է առաջանալ 10-12 ժամվա ընթացքում և վերածվել չոր մեռուկացման: Վերջինս, առանց համապատասխան բուժման, անցնում է խոնավ մեռուկացման, որը պառկելախոցի ամենածանր փուլն է: Այս փուլում հյուսվածքների քայքայումն ավելի է խորանում` առաջացնելով թարախահոսություն, և կարող է բարդանալ արյան վարակում, գազային փտախտ և այլ հիվանդություններով:
Ծանր հիվանդին տնային պայմաններում խնամելիս կարմրություն նկատելու դեպքում անհրաժեշտ է անմիջապես դիմել բժշկի և բուժումը սկսել միայն նրա խորհուրդներով:
Պառկելախոցի առաջացման հիմնական կանխարգելումը ճիշտ խնամքն է: Եթե հակացուցված չէ, անհրաժեշտ է հիվանդի դիրքը մշտապես փոխել, պառկեցնել հարթ, առանց կարերի սավանով ներքնակի վրա: Թաց, աղտոտված սպիտակեղենն անմիջապես փոխել: Առավել հարվող հատվածներն օրական 3-4 անգամ շփել հատուկ միջոցներով և կատարել թեթև մերսում:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։