04/08/2022 19:45
Հեպատոզ․ Հիվանդության տեսակներն ու առաջացման պատճառները
Հեպատոզը լյարդի հիվանդություն է, և նյութափոխանակության խանգարումների բնույթից ելնելով հիմնական ձևերն են՝
ճարպային
խոլեստատիկ
պիգմենտային
Ըստ կլինիկական ընթացքի լինում են սուր և քրոնիկական։
Սուր ճարպային հեպատոզը հաճախ զարգանում է ֆոսֆորային, մկնդեղային, դիքլորէթանային, էթիլ սպիրտային թունավորումների ժամանակ, ինչպես նաև որոշ դեղամիջոցների ազդեցությունից։ Լյարդի սուր դիստրոֆիայից երբեմն բարդանում են վիրուսային հեպատիտը, սեպսիսը։ Քրոնիկական ճարպային հեպատոզը հաճախ զարգանում է չափահասների մոտ և հանդես է գալիս որպես ընդհանուր ճարպակալման, շաքարային դիաբետի, սպիտակուցային և վիտամինային անբավարարության հետևանք։ Խոլեստատիկհեպատոզ առաջանում է որոշ դեղամիջոցների ընդունումից (հորմոններ, հակամակարդիչներ և այլն)։ Պիգմենտային հեպատոզները զարգանում են ժառանգականորեն պայմանավորված էնզիմոպաթիայի հետևանքով։
Սուր ճարպային հեպատոզը զարգանում է առանց նախանշանային համախտանիշի և արտահայտվում է բուռն դիսպեպտիկ երևույթներով, դեղնուկով։ Լյարդը սկզբնական շրջանում լինում է որոշ չափով մեծացած, փափուկ, հետագայում չի շոշափվում։ Արյան մեջ հայտնաբերվում են լեյկոցիտոզ, հիմնային ֆոսֆատազայի բարձրացած ակտիվություն, ամինոտրանսֆերազայի բարձր պարունակություն։
Սուր ճարպային հեպատոզով հիվանդների հոսպիտալացումը անհրաժեշտություն է։ Այդ ընթացքում ձեռնարկվում են շտապ միջոցառումներ տոքսիկ գործոնների ներթափանցումը կանխելու և օրգանիզմից նրանց հեռացման ուղղությամբ։ Անհրաժեշտ է նաև միջոցներ ձեռնարկել արյունահոսությունը կասեցնելու, ընդհանուր տոքսիկոզի, հիպոկալեմիայի, հիպոգլիկեմիայի կանխման նպատակով։
Քրոնիկական ճարպային հեպատոզին բնորոշ է երկարատև, երբեմն թույլ արտահայտված ախտանիշներով ընթացքը։ Նկատվում են մարսողության խանգարման երևույթներ, ընդհանուր թուլություն։
Քրոնիկական ճարպային հեպատոզի բուժումը առաջին հերթին ուղղված է հիվանդության պատճառների վերացմանը։ Նշանակվում է դիետա, որը պարունակում է համաչափ քանակներով լիարժեք սպիտակուցներ, վիտամիններ և աննշան քանակի ճարպեր։ Որոշակի նշանակություն ունեն լիպոտրոպ միջոցները, անաբոլիկ հորմոնները, B12 վիտամինը, լյարդի մզվածքներ և հիդրոլիզատներ պարունակող դեղորայքը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։