04/08/2022 20:15
Քունջութի օգտակար հատկություններն ու օգտագործումը
Քունջութը հայտնի է իր բուժիչ հատկություններով։ Այն հարուստ է ցինկով, երկաթով, մագնեզիումով, ֆոսֆորով, կալցիումով, կալիումով, ինչպես նաև A , B, C, E վիտամիններով։ Քունջութը պարունակում է արժեքավոր սեզամին նյութ։ Այն համարվում է շատ հզոր հակաօքսիդանտ, որը կանխում է մաշկի ծերացումը և օգտակար է քաղցկեղի կանխարգելման համար: Թիամինը, որը սերմերի մի մասն է, բարելավում է նյութափոխանակության գործընթացները և բարենպաստ ազդեցություն է ունենում նյարդային համակարգի վրա։
Քունջութը համարժեք չափաբաժիններով դրական է ազդում սրտի աշխատանքի և արյան ճնշման վրա, նորմալացնում է նյութափոխանակությունը, ինչպես նաև ածխաջրերի և լիպիդների նյութափոխանակությունը, բարելավում է կենտրոնական նյարդային համակարգի աշխատանքը և դիմադրում բորբոքմանը:
Այն պարունակում է մեծ քանակությամբ կալցիում, որը լավացնում է եղունգների թիթեղների վիճակը, ամրացնում ոսկորներն ու հոդերը, այդ իսկ պատճառով այն խորհուրդ է տրվում 45 տարեկանից բարձր մարդկանց օստեոպորոզի կանխարգելման համար։ Ճարպի բարձր պարունակության շնորհիվ այն լավ հագեցնում է և խորհուրդ է տրվում որպես սննդակարգի հավելում: 100 գրամ քունջութի կալորիականությունը 565 կկալ է։
Քունջութի հիմնական առավելությունը խոլեստերինի մակարդակի իջեցումն է, բորբոքման դեմ պայքարը, մարմնի ընդհանուր տոնուսի և մարսողական համակարգի բարելավումը:
Քունջութի սերմերը կարող են լինել վնասակար երակների վարիկոզ և անոթային խնդիրներ ունեցող մարդկանց համար, քանի որ նրանում առկա որոշ նյութեր մեծացնում են արյան մակարդումը:
Զգալի քանակությամբ քունջութի ամենօրյա օգտագործումը կարող է առաջացնել բազմաթիվ կողմնակի ազդեցություններ՝ արյան ճնշման իջեցումից մինչև միզաքարային հիվանդությունների բորբոքային պրոցեսների սրացում:
Ինչպես քունջութը, այնպես էլ քունջութի յուղը կարող է վնասել մարմնին ալերգիկ ռեակցիայի տեսքով, ուստի այն առաջին անգամ պետք է զգուշությամբ օգտագործել:
Քունջութի սերմերը բժշկության մեջ օգտագործվում են որպես հեմոստատիկ միջոց, որը կարող է արագացնել արյան մակարդումը և արդյունավետ է արյունահոսության դեմ։ Քունջութի յուղն ունի վերքերը բուժող ազդեցություն, ուստի այն օգնում է մաշկի արտաքին բորբոքման դեպքում: Բացի այդ, այն կարող է թեթևացնել վերջույթների վնասվածքների ցավը և վերականգնել ծնկների շարժունակությունը։
Քունջութն արդյունավետ է գաստրիտի դեպքում, օգնում է փորկապությանը, հեշտացնում շնչառությունը և հազը, ունի միզամուղ ազդեցություն և չեզոքացնում է ստամոքսի թթվայնության բարձրացումը:
Սերմերի մեջ պարունակվող յուղը կոսմետոլոգիայում հայտնի արտադրանք է, որը հարուստ է հագեցած ճարպաթթուներով և գլիցերինով։ Դրանցից պատրաստվում են դիմակներ, լոսյոններ, տոնիկներ, քսուքներ, քանի որ յուղը ոչ միայն տոնուսավորում է մաշկը, այլև վերականգնում և երիտասարդացնում է այն։
Քունջութ գնելիս անհրաժեշտ է գնահատել նրա արտաքին տեսքը։ Որակյալ սերմերը պետք է լինեն չոր, փխրուն, ոչ կպչուն ու սոսնձված։ Թարմ սերմերը հոտ չունեն, իսկ թթվային բույրը վկայում է հնացած արտադրանքի մասին, որը դառը համ կունենա:
Առավելագույն սնուցման համար քունջութի սերմերը խորհուրդ չի տրվում բովել, քանի որ ջերմային մշակման ժամանակ այն կորցնում է իր օգտակար հատկությունները։ Անհրաժեշտ է նաև այն ճիշտ ուտել՝ չգերազանցելով օրական 1,5 ճաշի գդալի չափաբաժինը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։