04/08/2022 19:30
Քթախոսություն․ Ինչպե՞ս կանխել խնդրի հետագա զարգացումը
Քթախոսությունը կամ ռնգախոսությունը ձայնի հնչեղության խիստ թուլացումն է, ինչպես նաև ձայնի երանգի փոփոխությունը, որը զուգակցվում է խոսքի հնչյունների աղավաղման հետ: Առաջանում է ձայնառաջացման և արտաբերական գործընթացներում քթի խոռոչի մասնակցության խանգարումների հետևանքով:
Քթախոսությունն առաջանում է քթի և քթըմպանի հիվանդությունների ժամանակ, որոնք ուղեկցվում են քթային շնչառության խանգարումներով` քթի միջնապատի ծռումներ, քթային խեցիների մեծացում, քթի գեղձանմանների և պոլիպների առկայություն: Նման դեպքերում ձայնը խլանում է, աղավաղվում են մ և ն հնչյունները։
Քթախոսության պատճառ կարող են լինել նաև փափուկ քիմքի ֆունկցիայի խանգարումը` դրա բնածին սերտաճման դեպքում, փափուկ և կարծր քիմքերի վնասումները, ինչպես նաև դիֆթերիայի ժամանակ քթըմպանի ախտահարումը:
Նման դեպքերում մի շարք հնչյուններ արտաբերելիս քիմային վարագույրը չի հպվում ըմպանի հետին պատին և բերանաըմպանը չի բաժանում քթըմպանից, որի հետևանքով օդն անցնում է ոչ միայն բերանով, այլև քթով: Այդպիսի քթախոսությունը սովորաբար խիստ արտահայտված է, և խոսքը պարզահունչ չէ:
Ճիշտ ժամանակին բժշկի դիմելով` կարելի է վերացնել հիվանդության բոլոր դրսևորումները: Երեխաների քթախոսությունը հնարավոր է կանխել լոգոպեդական վարժություններով: Փափուկ և կարծր քիմքի սերտաճումը շտկվում է պլաստիկ վիրահատությամբ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։