04/08/2022 15:13
Մեկ ստորակետի պատճառով պետական կառավարման համակարգը մարդկանց շենքից շենք է ուղարկում, չի կատարվում իմ հանձնարարականը. Նիկոլ Փաշինյան
Գործադիրը փոփոխություններ և լրացումներ է կատարել 2020թ. մարտի 26-ի «Տնտեսության արդիականացման միջոցառումը հաստատելու մասին» որոշման մեջ՝ նպատակ ունենալով ընդլայնել միջոցառման ոլորտային շրջանակը:
Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը զեկուցել է, որ նշված միջոցառումը հաջող իրականացվում է մշակող արդյունաբերության ոլորտում գործող ընկերությունների համար, որոնց առաջարկվում է թարմացնել իրենց հոսքագծերն ու սարքավորումները մինչև 10 մլրդ ՀՀ դրամի շրջանակում, և Կառավարությունը սուբսիդավորում է ֆինանսական ծախսերի մեծ մասը՝ վարկային կամ լիզինգի տոկոսները: Նրա խոսքով՝ միջոցառումն ունի արդեն 200-ից ավելի շահառու ընկերություն և 11 մլրդ ՀՀ դրամից ավելի կնքված գործարք: Որոշման փոփոխությամբ առաջարկվում է ընդլայնել ոլորտների շրջանակը՝ բացի մշակող արդյունաբերությունից, ներառել նաև հանքարդյունաբերություն և հանքերի շահագործում, տեղեկատվություն և կապ, շինարարություն, փոխադրում և պահեստային տնտեսություն, մասնագիտական, գիտական և տեխնիկական գործունեություն, կրթություն, առողջապահություն և բնակչության սպասարկում բնագավառները: Փոփոխությամբ նախատեսվում է նաև տնտեսության արտադրողականության բարձրացման նպատակով խրախուսել բարձրակարգ մասնագետների ներգրավումը. մասնավորապես, եթե հայկական ընկերությունները ներգրավում են բարձրակարգ մասնագետների, Կառավարությունը կսուբսիդավորի նրանց հաշվարկված աշխատավարձի 20 տոկոսը, դոկտորական աստիճան ունեցողների և ընկերությունների ներսում գիտական աշխատանքով զբաղվողների դեպքում՝ նրանց հաշվարկված աշխատավարձի 50 տոկոսը, իսկ եթե նրանք նաև դասավանդում են համալսարաններում կամ բուհերում, ապա դրանց կողմից վճարվող աշխատավարձի 70 տոկոսը:
Վարչապետն անդրադարձել է Կառավարության կողմից իրականացվող ծրագրերի արդյունավետությանը՝ ընդգծելով պատշաճ և պարբերական հանրային իրազեկման կարևորությունը: «Կարծում եմ՝ լիզինգի ծրագիրն այն ծրագրերից է, որը բավական լավ է իրագործվում, այդ թվում գյուղատնտեսության ոլորտում, որովհետև տարբեր բնակավայրերում՝ գյուղական, թեկուզ վիզուալ արդեն երևում է թարմ տեխնիկայի առկայությունը, և դա շատ լավ իրողություն է, որը պետք է զարգացնենք: Մինչ այժմ մենք գյուղատնտեսության, արդյունաբերության ոլորտներում լիզինգի ծրագիր ունենք, Կառավարության այս որոշմամբ մենք ընդլայնում ենք ոլորտները:
Հարգելի գործընկերներ, ցանկանում եմ ուշադրություն հրավիրել հետևյալի վրա. այս ծրագրերը, որ ընդունում ենք, լավ է, բայց մեր խնդիրն է, որ ծրագրի յուրաքանչյուր պոտենցիալ շահառու իմանա դրա մասին: Մենք այս խնդիրը չենք լուծել: Գնում ենք գյուղերով, մարդկանց հետ շփվում ենք, ասում ենք՝ տեղյա՞կ եք այսպիսի ծրագրից, մարդիկ նույնիսկ չեն լսել: Պետք է մեր բոլոր պետական ռեսուրսները դնենք, մարդկանց ներկայացնենք՝ գիտնականի ծրագիրը՝ գիտնականին, գյուղացու ծրագիրը՝ գյուղացուն, շինարարի ծրագիրը՝ շինարարին, արտադրողի ծրագիրը՝ արտադրողին: Չենք անում: Մեզ թվում է՝ Կառավարության նիստում եկանք, ասեցինք, խոսեցինք, ներկայացրեցինք 10 րոպե, մարդիկ գիտեն: Այդպես չէ: Ընդունելուց հետո մեր գործը 2 ուղղությամբ պիտի գնա՝ տեղեկատվությունը հասցնել մարդկանց և մոնիթորինգ իրականացնել, թե ծրագիրն ինչպես է աշխատում, որովհետև կարող է մեկ ստորակետի պատճառով պետական կառավարման համակարգը մարդկանց շենքից շենք է ուղարկում: Չենք իրականացնում այս խնդիրը, ընդգծում եմ ՝ չի կատարվում իմ հանձնարարականը», - նշել է Նիկոլ Փաշինյանը և ևս մեկ անգամ հանձնարարել հետևողական լինել պետական ծրագրերի իրականացմանը: