04/08/2022 10:16
ՀՀ իշխանությունների տրաֆարետային հայտարարությունները զուտ իմիտացիոն, իշխանության պահպանման գործառույթ ունեն. Տիգրան Աբրահամյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է ՀՀ ԱԳՆ-ի տարածած հայտարարությանը։
«ՀՀ ԱԳ նախարարությունը հայտարարությամբ է հանդես եկել, որում, անդրադառնալով «Լաչինի միջանցք»-ի շուրջ ստեղծված իրավիճակին՝ նշում է. «Անթույլատրելի ենք համարում ադրբեջանական կողմից հնչող հայտարարությունները, որոնցով փորձ է արվում միակողմանիորեն փոփոխել Լաչինի միջանցքում եռակողմ հայտարարության 6-րդ կետով սահմանված իրավական ռեժիմը, և վերահաստատում, որ Լաչինի միջանցքով անցնող երթուղին կարող է փոփոխվել միայն հայտարարությունը ստորագրած կողմերի հաստատած պլանի համաձայն»։
Ի՞նչ է սա նշանակում և ինչի՞ց է բողոքում ԱԳՆ-ն։
Լաչինի միջանցքի երկայնքով կառուցվող ճանապարհով նոր երթուղու շահագործման դեպքում «միջանցք» հասկացողությունը դուրս է գալու գործածումից և պարզապես վերածվելու է ճանապարհի։
Հիշեցնենք, որ միջանցքի դեպքում սահմանված էր ճանապարհի աջ ու ձախ հատվածներում 2.5-ական կմ հատված՝ ընդհանուր 5 կմ լայնությամբ, որը, ըստ էության, նաև բուֆերային գոտու դեր ուներ և այն սահմանված էր առաջին հերթին անվտանգության նկատառումներով։
Նոր երթուղու դեպքում Ադրբեջանը փորձում է հասնել բուֆերային գոտու, անվտանգության շերտի վերացմանը, ինչի արդյունքում տեսականորեն ճանապարհից 5-10 մետր հեռավորության վրա կարող են ադրբեջանական դիրքեր ու անձնակազմ տեղակայվել, ինչը բացառելի է գործող միջանցքի պարագայում (Շուշիի հատվածում այլ ռեժիմ է գործում)։
Թե ինչ հետևանքների կբերի այս վտանգավոր գաղափարի գոյությունը հենց միայն անվտանգային տեսանկյունից՝ արդեն պարզ է, իսկ ՀՀ իշխանությունների տրաֆարետային հայտարարությունները զուտ իմիտացիոն, իշխանության պահպանման գործառույթ ունեն», - Facebook-ի իր էջում գրել է Աբրահամյանը։