04/08/2022 11:55
Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանն օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը. Հայաստանը ոչ մի պլանի համաձայնություն չի տվել. Վարչապետ
Ընթացիկ էսկալացիայի համար Ադրբեջանը, որպես պատրվակ, օգտագործում է Լաչինի միջանցքի նոր երթուղու հարցը, կառավարությունում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ասաց, թե Ադրբեջանն, իբր, ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքներն ու գործող միջանցքի մի շարք հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։
«Ադրբեջանի նման ձևակերպումը ու հայտարարությունները նույնպես եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են. նշված հայտարարության 6-րդ կետում ասվում է. «Կողմերի, այսինքն՝ ՌԴ-ի, Հայաստանի ու Ադրբեջանի համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարվա ընթացքում՝ մինչև 2023 թվականի նոյեմբերի 9-ը, կորոշվի Հայաստանի հետ Լեռնային Ղարաբաղ կապն ապահովող Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղու կառուցման պլանը՝ ՌՂ խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերաբաշխմամբ, վերատեղաբաշխմամբ՝ այդ երթուղու պահպանության համար»։ Պիտի արձանագրեմ, որ, այս պահի դրությամբ, Ռուսաստանի, Հայաստանի ու Ադրբեջանի կողմից եռակողմ ֆորմատով հաստատված որևէ պլան գոյություն չունի ու մենք մի քանի անգամ առաջարկել ենք ու հիմա էլ առաջարկում ենք դա անել», - ասաց նա։
Վարչապետի խոսքով՝ Հայաստանը ոչ մի պլանի համաձայնություն չի տվել, որովհետև նման պլանի նախագիծ չի էլ առաջարկվել։
Նա ասաց, որ Հայաստանը սկսել է Կոռնիձոր-Տեղ Մ12 մայրուղու ավտոճանապարհի վերակառուցումը, որը պիտի միանա Լաչինի միջանցքի նոր երթուղուն։
«Ադրբեջանն այս օրերին շահարկում է, թե Հայաստանը փորձում է խուսափել այս հարցերի քննարկումներից՝ սա աբսուրդ հայտարարություն է, այն պայմաններում, երբ ես վերը նշված ծրագրի մասին հայտարարել եմ հրապարակային՝ դեռևս հունիսի 27-ին իմ ասուլիսի ընթացքում։ Ադրբեջանը ԼՂ-ում իրադրության սրման գնաց այն օրերին, երբ Կոռնիձոր-Տեղ Մ12 ճանապարհի բուն շինարարությունը մեկնարկեց», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե Ադրբեջանի կողմից սրացման գնալը մի նպատակ ունի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությամբ սահմանված կառուցակարգերի վերացումը։
«Ադրբեջանն այսօր մի խնդիր ունի՝ վերացնել եռակողմ հայտարարությունն ու խուսափել այդ հայտարարությամբ արձանագրված իրողությունների ամրագրումից», - նշեց վարչապետը։
Նիկոլ Փաշինյանն ընդգծեց՝ Ադրբեջանը պետք է կատարի իր երեք պարտավորությունները՝ ընդունի Ադրբեջանի նախագահի ստորագրությամբ արձանագրված ԼՂ միավորի գոյությունը, պիտի հարգի ԼՂ-ում շփման գծի առկայությունն ու պիտի հարգի Լաչինի միջանցքի գոյությունը, որը Հայաստանի հետ ԼՂ կապն ապահովող կարևորագույն ինստիտուտն է։