04/08/2022 11:24
Լեռնային Ղարաբաղում շփման գծի հատման ցանկացած փորձ պետք է կասեցվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից. Նիկոլ Փաշինյան
Լեռնային Ղարաբաղում ՌԴ խաղաղապահ զորախմբի ներկայությունն ու գործունեությունը առանցքային գործոն է արցախահայության անվտանգության ապահովման համար, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, թե Հայաստանը բարձր է գնահատում ՌԴ-ի ջանքերը՝ մեր տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովման հարցում։
«2020 թվականի նոյեմբերից ի վեր՝ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մի շարք իրադարձություններ, այդ թվում՝ վերջին օրերին տեղի ունեցող իրադարձությունները, հայ հանրության շրջանում առաջ են բերում ԼՂ-ում խաղաղապահ օպերացիայի բովանդակության ու էության հետ կապված հարցեր․ 2020 թվականի դեկտեմբերի 11-ին Ադրբեջանի կողմից Խծաբերդ ու Հին թաղեր գյուղերի գրավումը ու հայ զինծառայողների գերեվարումը ՌԴ խաղաղապահների ներկայությամբ ու թողտվությամբ, 2022 թվականի մարտի 24-ին ԼՂ Փառուխ գյուղի գրավումը՝ կրկին ՌԴ խաղաղապահների ներկայութամբ, շփման գծի երկայնքով հրադադարի ռեժիմի շարունակական ու ահագնացող խախտումները, ԼՂ հայությանը խաղաղապահների ներկայությամբ ֆիզիկապես ու հոգեբանորեն ահաբեկելու դեպքերը պարզապես անընդունելի են։ Խիստ անհրաժեշտ է դառնում Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ օպերացիայի մանրամասների ճշգրտումը, սա անհրաժեշտ է եղել ի սկզբանե՝ ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի տեղակայմանը զուգընթաց, բայց պետք է խոստովանել, որ այս գործընթացին խոչընդոտել է Ադրբեջանը՝ հրաժարվելով ստորագրել Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորախմբի գործունեության մանդատը, մինչդեռ, Հայաստանը դա արել է հենց 2020 թվականի նոյեմբերին ու մենք ակնկալում ենք, որ երկկողմ ֆորմատով ստորագրված այդ մանդատը գործի իր ամբողջ ծավալով», - ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 3-րդ կետում հստակ նշված է, որ ԼՂ-ում կա շփման գիծ, որի երկայնքով էլ տեղակայվում են ՌԴ խաղաղապահ ուժերը։
«Հենց այս տարածքն է կոչվում ԼՂ-ում ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտի ու մենք ակնկալում ենք, որ շփման գծի հատման ցանկացած փորձ կասեցվի Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորախմբի կողմից, իսկ շփման գծից ներս գտնվող ադրբեջանական ստորաբաժանումները դուրս բերվեն։ Վերադառնալով ՌԴ խաղաղապահ զորախմբի մանդատի թեմային՝ պիտի կրկնեմ, որ, մեր կարծիքով, Հայաստանի ու Ռուսաստանի ստորագրությունները բավարար են այդ մանդատն ամբողջությամբ իրագործելու համար, իսկ եթե ոչ՝ ուրեմն անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել այդ մանդատը միջազգայնորեն հաստատելու կամ խաղաղապահներին ավելի լայն միջազգային մանդատով օժտելու ուղղությամբ», - հայտարարեց վարչապետը։
Նա ասաց, թե աշխատանքային շատ մանրամասներ չի բացի, բայց այս հարցերը իրենց հուզել են հենց 2020 թվականի նոյեմբերից ու ջանքեր են գործադրել կոնկրետ լուծումների հասնելու համա, հիմա այդ ջանքերը պետք է կրկնապատկել։