05/08/2022 18:10
Աթերոսկլերոզ․ Հիվանդության զարգացման հիմնական գործոնները
Աթերոսկլերոզը ճարպային և սպիտակուցային փոխանակության խանգարման հետևանքով ծագած խրոնիկական հիվանդություն է: Այն բնութագրվում է էլաստիկ և մկանաէլաստիկ տիպի զարկերակների ախտահարմամբ` ճարպերի, սպիտակուցների օջախային կուտակման, ինչպես նաև շարակցական հյուսվածքի արագընթաց աճակալման տեսքով:
Հիմնականում այս հիվանդությամբ ախտահարվում են կյանքի երկրորդ կեսին: Աթերոսկլերոզի զարգացման համար հիմնական գործոններն են`
հորմոնային
նյարդային
անոթային
ժառանգական
Աթերոսկլերոզը սահմանված է համարել բազմապատճառային հիվանդություն, որի ինչպես ծագումնային, այնպես էլ զարգացման գործընթացը կապված է արտածին և ներածին գործոնների ազդեցության հետ:
Ախտաբանական գործընթացն ունի երկու դրսևորում`
անոթի պատի փոփոխությունները խորանում են, դրանով իսկ ավելացնելով խոլեստերինի կուտակումները,
զարկերակի պատերից խոլեստերինը դուրս է գալիս, կուտակումները ներծծվում են, և անոթի պատի վնասված հատվածները ապաքինվում են, իսկ վաղ սկզբնական փուլերում անոթի կառուցվածքը լիովին ենթակա է վերականգնման:
Հիվանդության զարգացման համար բնորոշ է ալիքաձև ընթացքը, այդ պատճառով նրա կանխարգելման գործընթացը չի կարող սահմանափակվել որևէ ժամկետով կամ փուլով:
Սիրտը և անոթային համակարգը ակտիվորեն մասնակցում են շրջապատող միջավայրի գրգռիչների հանդեպ մարդու պատասխան հակազդեցությունը: Հետևաբար` նյարդային համակարգի գերլարումն ուղեկցվում է սրտի և անոթային համակարգի լարված գործունեությամբ:
Անհատական կանխարգելման հիմքն օրգանիզմում նյարդային և հորմոնային կարգավորման բարենպաստ ակտիվության պահպանումն է, որի խանգարումը յուրաքանչյուր մարդու համար որոշվում է ոչ այնքան արտաքին գրգռիչների բնույթով, որքան դրանց հանդեպ օրգանիզմի հակազդեցությամբ:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։