05/08/2022 10:01
«Ժողովուրդ». Ինչի համար է գումար հատկացվել ՀԿ-ներին. չի բացառվում, որ դրանք տրամադրվել են մերձիշխանական հասարակական կազմակերպություններին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ վարչապետի աշխատակազմը որոշել է գումար հատկացնել հասարակական կազմակերպություններին, այդ նպատակով նրանք փոփոխություններ են կատարել ՀՀ պետական բյուջեում:
Մասնավորապես՝ «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ վարչապետի աշխատակազմի կողմից իրականացվող «ՀՀ վարչապետի լիազորությունների իրականացման ապահովում» ծրագրի «Ծառայությունների, ծրագրերի համակարգում» միջոցառման «Կապի ծառայություններ» և «Գրասենյակային նյութեր և հագուստ» հոդվածներից համապատասխանաբար նվազեցվել է 3 մլն 307 հազար դրամ և 4 մլն 940 հազ. դրամ և ուղղվել «Աջակցություն քաղաքական կուսակցություններին, հասարակական կազմակերպություններին և արհմիություններին» ծրագրի «Աջակցություն հասարակական կազմակերպություններին» միջոցառմանը:
Որպես հիմնավորվում նշվում է առաջնահերթությունների փոփոխությունը: Սակայն հետաքրքիր է, որ այս որոշումն իր մեջ նաև հույժ գաղտնի կետեր է պարունակում, ընդ որում՝ թե կոնկրետ որ հասարակական կազմակերպություններին են ուղղվելու այդ գումարները, ևս անհայտ են, և այդ մասին, համենայնդեպս, փաստաթղթերում խոսք չկա:
Իհարկե, ավանդույթ է դարձել հեղափոխական իշխանության համար, որ այս կամ այն կազմակերպութուններին գումարներ են տրամադրում, սակայն արդյունքն այդպես էլ անհայտ է մնում: Այս դեպքում էլ չի բացառվում, որ դրանք տրամադրվել են մերձիշխանական հասարակական կազմակերպություններին, որոնք չեն քննադատում կառավարությանը կամ վարչապետին»։