05/08/2022 10:22
Մակրոնը պատրաստ է աջակցել Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության շարունակմանը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայացել է հեռախոսազրույց, որի ընթացքում Մակրոնը մտահոգություն է հայտնել վերջին օրերին տարածաշրջանում տիրող լարվածության կապակցությամբ, նշել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունների շարունակման կարևորությունը և 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության դրույթների կատարումը։
Մակրոնն ասել է, որ Ֆրանսիան պատրաստ է աջակցել երկու երկրների միջև երկխոսության շարունակմանը, հաղորդում է Ալիևի մամուլի ծառայությունը։
Մինչդեռ Ալիևը նշել է «Ադրբեջանի տարածքից Հայաստանի զինված ուժերի և հայկական անօրինական զորամիավորումների տարրերի դուրսբերումն ապահովելու» անհրաժեշտությունը։
Ըստ Ալիևի՝ հայկական կողմը դա դեռ չի ապահովել, ինչն իր հերթին պաշտոնական Երևանի կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթների խախտում է:
Նա նաև ընդգծել է, որ ՌԴ պաշտպանության նախարարության հետ ձեռք բերված պայմանավորվածության արդյունքում, Եռակողմ հայտարարության դրույթների համաձայն, որոշվել է Լաչինի միջանցքին այլընտրանքային նոր ճանապարհի երթուղին, և ադրբեջանական կողմն ավարտում է այս ճանապարհի շինարարությունը։ Աշխատանքներն ավարտվելուն պես, 2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության համաձայն, նախատեսվում է այդ ճանապարհին վերաբաշխել ռուսական խաղաղապահ ուժերը։