05/08/2022 13:12
Այս իշխանության նպատակն է հազարավոր զոհերի գնով հանձնել Արցախը, կազմաքանդել բանակը, թշնամուն նվիրել Հայաստանի ինքնիշխան տարածքները. Արթուր Ղազինյան
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանը ներկայացրել է, թե ինչ նպատակ ու գաղափարական հենք ունի այս իշխանությունը և հնարավո՞ր է միավորում նրա շուրջ:
«Վերջերս հաճախ եմ լսում «ստեղծված իրավիճակում մեզ պետք է միավորվել, համախմբվել» միտքը, որն առավել էնտուզիազմով տարածում ու առաջ են մղում այս իշխանության լատենտ կողմնակիցները:
Անվիճելի է, որ ճգնաժամային իրավիճակում պետք է միավորվել ու համախմբվել, կոնսոլիդացնել ուժերն ու ռեսուրսները, մեկ բռունցք դառնալ ու հաղթել:
Բայց․․․
Ինչի՞ շուրջ միավորվել. նպատակի ու գաղափարի՞, թե՞ անձի ու իշխանության:
Կարծում եմ՝ երկրորդ կարծիք լինել չի կարող, որ միավորումը պետք է տեղի ունենա նպատակի ու գաղափարի շուրջ, իսկ անձը կամ ուժը, իր բնույթով ու էությամբ պետք է առավելագույնս արտացոլի այդ նպատակը, լինի գաղափարի նվիրյալ, իր խոսքում ու գործում կտրուկ, անհաշտ ու վճռական:
Հիմա փորձենք հասկանալ՝ ի՞նչ նպատակ ու գաղափարական հենք ունի այս իշխանությունը և հնարավո՞ր է միավորում նրա շուրջ:
2018թ․ սկսած՝ այս իշխանությունը պառակտում է հասարակությունը՝ սերմանելով դասակարգային թշնամություն ու ատելություն միմյանց նկատմամբ: Նրանց համար թուրքն ու ադրբեջանցին հարմար գործընկերներ են, իսկ թուրքին ու ադրբեջանցուն ծնկի բերած, պատմական հաղթանակ կերտած մարդիկ թշնամի, ում պետք է օր առաջ ոչնչացնել թե՛ ֆիզիկապես, թե՛ բարոյապես:
Հիմա սրանց հետ այս նպատակի շուրջ կարելի՞ է միավորվել: Այո՛, բայց, եթե իհարկե ցեղասպան ու ահաբեկիչ թուրքին ու ադրբեջանցուն համարես բարեկամ ու գործընկեր:
Այս իշխանության կողմից 44-օրյա պատերազմից առաջ, ընթացքում ու հետո հայրենիքի դավաճանության արդեն հաստատված դրվագները վկայում են այն մասին, որ այս իշխանության նպատակն է հազարավոր զոհերի գնով հանձնել Արցախը, կազմաքանդել հայկական բանակը, թշնամուն նվիրել Հայաստանի ինքնիշխան տարածքները:
Հնարավո՞ր է միավորվել այս նպատակի, գաղափարի և դա իրացնող իշխանության շուրջ: Այո՛, եթե դու թրքասեր ես, անցել ես թշնամու կողմը, հայրենիքի դավաճան ես ու ընդունում ես հայասպանությունը:
Այս իշխանությունը, հռչակելով «խաղաղության դարաշրջան», կատարում է Թուրքիայի ու Ադրբեջանի բոլոր պահանջները, կազմաքանդում է ներքին և արտաքին անվտանգության, դատաիրավական ու կրթական համակարգերը:
Կարելի՞ է միավորվել ու համախմբվել այս նպատակի ու գաղափարի շուրջ: Այո՛, եթե դու համաձայն ես ու ընդունում ես Թուրքիայի ու Ադրբեջանի պահանջները ու դրանք իրագործելու համար պատրաստ ես կատարել նրանց հրամաններն ու ցուցումները:
Այս իշխանությունը որոշել է հայատյաց ու հայասպան թուրքի ու ադրբեջանցու համար Հայաստանը դարձնել «проходной двор», հրահանգում է ապահովել նրանց անարգել մուտքը Հայաստան ու երաշխավորում հայատյաց ու հայասպան ահաբեկիչների անվտանգությունը:
Կարելի՞ է միավորվել ու համախմբվել այս նպատակի ու դա իրացնող իշխանության շուրջ: Այո՛, եթե դու ատում ես հային ու Հայաստանը, տենչում ես հայի մահն ու Հայաստանի կործանումը:
Սա կարդալով, հասկանալով ու գիտակցելով՝ յուրաքանչյուր հայ մարդ թող ինքը որոշի՝ պատրա՞ստ է միավորվել ու համախմբվել նշված նպատակներն ու գաղափարներն իրագործող իշխանության ու նրա առաջնորդի շուրջ:
Ես իմ անունից ասում եմ, որ Ո՛Չ, Ո՛Չ ու կրկին Ո՛Չ, պատրաստ չեմ, չեմ ընդունում, մերժում եմ ու բոլոր հնարավոր միջոցներով պայքարելու եմ սրա ու սրանց դեմ ․․․», - Facebook-ի իր էջում գրել է Ղազինյանը։