06/08/2022 12:06
ԱՄՆ-ն պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի՝ Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար. Ադամ Շիֆ
ԱՄՆ կոնգրեսական Ադամ Շիֆը Արցախի նկատմամբ Ադրբեջանի հարձակումների վերաբերյալ հանդես է եկել հայտարարությամբ:
«Խորապես անհանգստացած եմ Լեռնային Ղարաբաղում զոհերի, այդ թվում՝ երկու հայ զինվորների մահվան մասին հաղորդագրություններով, ինչն Ադրբեջանի կողմից Հայաստանի հետ հրադադարի ռեժիմի ուղղակի խախտման հետևանք է: Սա հազիվ թե առաջին անգամն է, երբ Ադրբեջանը չհրահրված հարձակվում է գործում հայկական ուժերի վրա, և եթե ԱՄՆ-ն անհապաղ միջոցներ չձեռնարկի Ալիևի ռեժիմին պատասխանատվության ենթարկելու համար՝ դա վերջինը չի լինի», - նշված է հայտարարության մեջ։
Շիֆը Պետքարտուղարությանը հորդորել է օգտագործել դիվանագիտական բոլոր լծակները՝ լարվածությունը նվազեցնելու և «հայկական ինքնիշխանությանը և Արցախի տարածքային ամբողջականությանն Ամերիկայի անսասան աջակցությունը ցույց տալու համար»։
Նա նշել է, որ բազմիցս կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և գերեվարված խաղաղ բնակիչներին, տասնյակ միլիոնավոր դոլարներ հատկացնել Արցախում մարդասիրական և տնտեսական օգնության համար, կասեցնել ԱՄՆ-ի կողմից Ադրբեջանին հատկացվող պաշտպանական օգնությունը և վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբին ամերիկյան մասնակցությունը՝ խաղաղ գործընթացը վերակենդանացնելու համար։
Կոնգրեսականն ընդգծել է, որ միշտ լինելու է Հայաստանի և Արցախի ժողովրդի կողքին։