08/08/2022 16:15
Տղամարդու անպտղություն. պատճառները, բուժումը. ներկայացնում է ուրոլոգ-անդրոլոգը
Անպտղություն է համարվում, երբ ամուսնական զույգը, շուրջ մեկ տարի ապրելով ակտիվ սեռական կյանքով, չկիրառելով բեղմնականխիչ մեթոդներ, չի արձանագրում հղիություն։
Նախկինում անպտղության հիմնական «մեղավորներ» համարվում էին կանայք. ընդունված էր համարել, որ անպտղության դեպքում առավել մեծ է կանանց գործոնը, մինչդեռ հիմա ապացուցված է, որ տղամարդու գործոնը հավասարապես կարող է անպտղության պատճառ լինել, Aysor.am-ի հետ զրույցում ասում է «Նորմեդ» բժշկական կենտրոնի ուրոլոգ-անդրոլոգ Շավարշ Մենդելյանը։
Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով տղամարդու անպտղություն դրսևորվում է յուրաքանչյուր հինգերորդ ամուսնական զույգի դեպքում: Տղամարդկանց անպտղության հարցով զբաղվում է բժիշկ-ուրոլոգը:
Անպտղության պատճառները բազմաթիվ են՝ պայմանավորված արտաքին և ներքին գործոններով, կարող են լինել բնածին ու ձեռքբերովի։ Պատճառը բացահայտելու համար անհրաժեշտ է՝
- զննում՝ բժիշկ-ուրոլոգի կողմից
- սպերմագրամմա (սերմնահեղուկի հետազոտություն)
- հորմոնալ հետազոտություն (վահանագեղձի և սեռական հորմոններ)
- ամորձիների սոնոգրաֆիա
- միզասեռական համակարգի վարակների ժխտում
Բժիշկ-ուրոլոգն ասում է՝ նախընտրելի մոտեցում է զույգի՝ մինչև ամուսնությունը հետազոտություններ անցնելը։
Եթե մեկ տարի ակտիվ, ռեգուլյար սեռական կյանքով (շաբաթական երեք անգամ) ապրելու դեպքում հղիություն չի արձանագրվում, պետք է դիմել բժշկի։ Որպես կանոն առաջնային համարում են սպերմագրամման, մինչդեռ դրան զուգահեռ խիստ կարևոր է համալիր զննումը. շատ հաճախ լինում են դեպքեր, որ ուրոլոգին այցելած տղամարդիկ չգիտեն, որ, օրինակ, ունեն շաքարային դիաբետ։ Բժիշկ-ուրոլոգի խնդիրն է ոչ միայն բուժել տղամարդու անպտղությունը, այլ նաև օգնել ունենալ առողջ երեխաներ, ասում է բժիշկ-ուրոլոգ Շավարշ Մենդելյանը:
Այսպիսով՝ տղամարդու անպտղությանը ներազդող գործոններն են՝
- Ճարպակալում
- Շաքարային դիաբետ
- Զարկերակային ճնշում
- Խոլեստերինի մակարդակ
- Տարիք (40-ից բարձր)
Վերոնշյալ խնդիրներն ազդում են սպերմայի որակի վրա, հանգեցնում են վիժման՝ հատկապես հղիության առաջին եռամսյակում:
Անպտղության պատճառներից է համարվում նաև վարիկոցելեն (սերմնալարի երակների լայնացումն է, որն առաջանում է ամորձիներից մեկի կամ երկուսի շրջանում), ախտորոշվում է ամորձիների սոնոգրաֆիայի միջոցով։ Ամորձիների համար իդեալական ջերմաստիճան է համարվում 35 աստիճանը, վարիկոցելեի դեպքում ամորձու երակային համակարգում առաջանում են լայնացումներ, ամորձու ջերմաստիճանը բարձրանում է, առաջանում է արյան կանգ, գերտաքացում՝ այդպիսով սպերմայի որակի վատթարացում։ Սպերմայի կազմում լինում են ինչպես երիտասարդ, այնպես էլ ծեր սպերմատոզոիդներ։ Սպերման լիովին նորանում է 72 օր անց։
Տղամարդու անպտղության պատճառ կարող են լինել նաև սեռական ճանապարհով փոխանցվող վարակները, ինչպես օրինակ խլամիդիան, միկոպլազման, գոնոկոկը: Փոքր կոնքի բորբոքային հիվանդությունները՝ օրինակ շագանակագեղձի բորբոքումը, ևս կարող են հանգեցնել անպտղության։
Երբ նշված բոլոր պատճառները բացակայում են, անպտղությունը բնորոշվում է իդեոպաթիկ (առանց կոնկրետ պատճառի)։ Այս դեպքում խիստ կարևորվում է կենսակերպի փոփոխությունը՝ կարգավորել քունը, ավելացնել հանգստի ժամերը, նստակյաց ապրելակերպը փոխարինել ֆիզիկական ակտիվությամբ, հատկապես օգտակար է մարմնամարզությունը, որը նպաստում է կոնքի արյան շրջանառության բարելավմանը։ Պետք է հիշել, որ սպերմայի որակին ազդում են նաև ճառագայթման պայմաններում, ծանր մետաղների, ներկերի հետ աշխատանքը։
Անպտղության բուժման հարցում ուրոլոգ-անդրոլոգը խիստ կարևորում է հանրության՝ անպտղության հանդեպ վերաբերմունքի փոփոխությունը, տղամարդկանց՝ բժշկի դիմելու կաշկանդվածության հաղթահարումը։ Տղամարդուն այս դեպքում ևս պետք է կնոջ օգնությունը, կարևոր է, որ կինը բացատրի ամուսնուն՝ ինչու է պետք այցելել ուրոլոգի։ Բժիշկը խորհուրդ է տալիս՝ տղամարդկանց` որպես բժշկի այցելելու համոզման մեխանիզմ կիրառել՝ «հանուն երեխայի առողջության» ձևակերպումը։ Որևէ դեպքում ընդունելի չէ՝ «քո մեղքով է», «քո պատճառով է» ձևակերպումները, որ ոչ միայն չեն նպաստում խնդրի լուծմանը, այլ նաև ընտանիքի հոգեկան առողջությունն են խաթարում։ Խիստ կարևոր է նաև բուժման ընթացքին զույգի սեռական կյանքի էմոցիոնալ առողջությունը՝ այնպես, որ հարաբերությունները չդառնան մեխանիզացված գործընթացներ։ Զույգերը չպետք է կենտրոնանան միայն ձվազատման օրերին, չի կարելի սեռական կյանքը միայն դրա շուրջ կառուցել. որպես հետևանք խաթարվում է զույգի հոգեսեռական բավարարվածությունը։
Բուժման ընթացքին կարևոր է ակնկալիքների սահմանումը՝ ի՞նչ սպասել բժշկից. սպերմագրամման հնարավորություն է տալիս հետևելու և արձանագրելու բուժման արդյունքները, որպես կանոն առավելագույնը մեկ տարվա ընթացքում չորսանգամյա սպերմագրամման բավարար է եզրահանգելու համար՝ հնարավո՞ր է առանց միջամտությունների բնական ճանապարհով հասնել վերարտադրողականության, թե կարիք կա ռեպրոդուկտիվ տեխնոլոգիաների կիրառման, ասում է ուրոլոգ-անդրոլոգ Շավարշ Մենդելյանը։
Եթե սպերմագրամման բարելավում ցույց չի տալիս, բժիշկը զույգին ազնվորեն ներկայացնում է իրավիճակը, բացատրում։ Այնուամենայնիվ, իրավունքը զույգինն է՝ շարունակել բուժումը, թե դիմել ռեպրոդուկտիվ միջամտությունների։ Բժիշկն ասում է՝ զարգացումները տարբեր են, խիստ անհատական, բայց արդյունքի հասնելու գլխավոր նախապայմանը բժիշկ-հիվանդ անկաշկանդ հարաբերություններն են։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։