08/08/2022 17:45
Հայկական տարածքը փոքրանում է, Հայաստանը դառնում է տեղահանված խաչքարերի, կոթողների թանգարան. Համլետ Պետրոսյան
Արցախի տարածքային կառավարման նախարարն օրեր առաջ հայտնեց՝ Սուսի, Աղավնոյի, Բերձորի բնակիչները մինչև օգոստոսի 25-ը պետք է լքեն բնակավայրերը։
Անորոշ է ոչ միայն մարդկանց ճակատագիրը, այլ նաև մշակութային ժառանգության։ Aysor.am-ը զրուցել է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համլետ Պետրոսյանի հետ։
«Մշտապես կապի մեջ եմ, գիտեմ, որ Արցախի իշխանությունները որոշել են տարհանել մշակութային կոթողները, բայց ի՞նչ անել Բերձորի Սուրբ Համբարձում, Աղավնոյի Սուրբ Նահատակաց եկեղեցիների հարցում․ քանդել և տեղափոխե՞լ, թե՞ թողնել․․․ Հարցի տեխնիկական բաղադրիչից զատ, կա մշակութային ժառանգության հանդեպ վերաբերմունքի խնդիր»,- այս առնչությամբ ասում է Համլետ Պետրոսյանը։
Մշակութաբան, պատմաբանի խոսքով՝ Ադրբեջանը վերացնում է նաև անկախության շրջանում տեղադրված հայկական բոլոր հուշարձանները՝ դրանք համարելով իբրև թե «օկուպանտական ներդրումներ սեփական տարածքում»։ Մշակութային ժառանգության համամարդկային արժեքը հավաստող կոնվենցիաները ոտնահարելով՝ Ադրբեջանը հայկական եկեղեցիները մզկիթների վերածելու նախագծեր է հանրայնանցնում, հետևողականորեն իրագործում. քրիստոնեական ժառանգությունը յուրացնելու հարցում խիստ փորձառու են։
Համլետ Պետրոսյանը նշում է՝ այնպես չէ, որ նրանք մզկիթի կարիք ունեն. հայկական եկեղեցիները քանդելով, ձևափոխելով՝ առաջին հերթին քարոզչական խնդիր են լուծում՝ խորը տրավմա պատճառել ժառանգությունը ստեղծողին։
«Հայերս կենսընթացի այնպիսի ծանր փուլում ենք, ինչպես 1915 թվականին էր, երբ մարդիկ տեղահանվելիս ստիպված էին բառացիորեն ուսերին տանել ունեցածը։ Հիմա պարտադրում են՝ տները մի հրդեհեք, որ գանք վայելենք, եկեղեցիները մի քանդեք, մենք ինքներս կանենք, ինչ պետք է։
Հայաստանը, հայկական տարածքը գնալով փոքրանում է՝ կարծեք թե մեր երկիրը դառնալու է զանազան տեղահանված կոթողների թանգարան։ Այլ հարց է, որ վերջում կարող է նաև պարտադրեն այդ թանգարանը լքել»,-ասում է պատմական գիտությունների դոկտորը։
Նա նաև ընդգծում է՝ կոթողները կենսական են այն տարածքում, որտեղ կառուցվել են, դրանք իմաստ ունեն տարածքի մեջ և ոչ թանգարանում։
«ժամանակին արաբները հայերին թույլ չէին տալիս անգամ թափորով քայլելիս խաչքարեր տանել, ասում էին՝ տարածքը մերն է, դուք կարող եք միայն եկեղեցում դնել խաչքարեր, և միայն Բագրատունիների իշխանության տարիներին բացօթյա խաչքարեր դրվեցին։ Դա տարածքի և ժողովրդի կապվածության ամենաէական խորհրդանշանն է։ Հիմա, երբ տարածքը լքում ես, ջնջում ես պատմական հիշողության վկայությունները՝ մի քանի տարի հետո չես էլ կարողանալու ապացուցել, որ քոնն է եղել, որ ապրել ես այդտեղ։ Ադրբեջանը հետևողականորեն խեղում է հայկական պատմական հիշողությունը՝ վերացնելով այդ հիշողության հիմքերը»,- մտահոգություն է հայտնում ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչը ։
Հիշեցնենք, որ Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցու բակում կան բազմաթիվ խաչքարեր՝ նվիրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին, 1988 թվականի երկրաշարժի զոհերի հիշատակին, խաչքարեր՝ զոհված ազատամարտիկների հիշատակին՝ Բերձորի հուշահամալիրի տարածքում, Քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված խաչքարեր՝ Աղավնո դպրոցի գյուղի բակում, նաև բազմաթիվ հուշաքարեր և հուշաղբյուրներ։