09/08/2022 18:30
Գործոններ, որոնք կապ ունեն աղիների առողջության հետ և որոնց մասին մարդիկ մոռանում են
Մարդու օրգանիզմում տեղի ունեցող պրոցեսները շատ առումներով կապված են աղեստամոքսային համակարգի հետ․ որքան առողջ են աղիքները, այնքան քիչ են խնդիրները, այդ պատճառով շատ կարևոր է իմանալ, թե ինչը կարող է խախտել մարդու աղիների փխրուն բալանսը։
Աղեստամոքսային համակարգի առողջությունը վտանգող բազմաթիվ գործոնների մասին, թվում է, բոլորը գիտեն, սակայն կան մի քանիսը, որոնք «անտեսանելի» են՝ ոչ այնքան ակնհայտ, սակայն նույնքան վնասակար են աղիների համար, որքան, օրինակ, ծանր դեղերի ընդունումը, սննդակարգի կոպիտ խախտումները և այլն։
Տարածված, բայց շատերի կողմից անտեսվող այդպիսի մի գործոն է շատակերությունը։ Աղիքային հիվանդությունները կարող են սրվել ոչ թե կոնկրետ այս կամ այն մթերքն օգտագործելու, այլ այդ մթերքը չարաշահելու, այն շատ ուտելու պատճառով։ Առողջ մարդը կարող է ուտել և՛ աղի, և՛ կծու, և՛ քաղցր սնունդ, բայց՝ չափավոր։ Սննդամթերքի այս կամ այն տեսակը իրենից վտանգ չի ներկայացնում։ Վտանգ է ներկայացնում այն չարաշահելը։ Այս դեպքում խոսքը վերաբերում է նույնիսկ ամենաօգտակար մթերքին․օրինակ՝ կարիք չկա միանգամից մեկ կիլոգրամ կաղամբ ուտել՝ մտածելով, որ այն օգտակար է աղիքների համար։ Չարաշահելն ամեն դեպքում վատ է։
Բացի այդ, օրվա ընթացքում պետք չէ անընդհատ ուտել, եթե քաղցած չեք։ Սնունդ ընդունել կարելի է հաճախ, բայց ոչ այնքան, որ քաղցի զգացողությունը չհասցնի զարգանալ։ Դա նույնպես շատակերության կամ սննդի չարաշահման օրինակ է։ Բացի այդ, օրվա ընթացքում պետք է թողնել, որ աղիքները «հանգստանան»։ Իսկ ընթրել հարկավոր է քնելուց առնվազն 3 ժամ առաջ։
Մեկ այլ կարևոր գործոն է ֆիզիկական ակտիվությունը․ աղեստամոքսային համակարգը «սիրում» է, երբ մարդը շարժվում է։ Պարտադիր չէ անպայման սպորտով զբաղվել կամ ֆիզիկապես գերծանրաբեռնվել։ Պետք է ընդամենը օրվա ընթացքում շարժվել, հրաժարվել նստակյաց կյանքից․ թեթև վարժություններ անել, քայլել՝ երեկոյան 15-20 րոպե հատկացնել զբոսանքին։
Վիտամին D-ի պակասը ևս բացասաբար է ազդում աղիների վրա․ վիտամին D-ն՝ «արևային վիտամինը» բարենպաստ ազդեցություն է թողնում աղեստամոքսային համակարգի վրա․ նպաստում է, որ օգտակար բակտերիաներ արտադրվեն։ Բացի այդ, Վիտամին D-ն իմունոմոդուլյատոր է, իսկ իմունային բջիջների 70 տոկոսից ավելին աղիներում է գտնվում։ Այս վիտամինը օգնում է նաև պահպանել աղիների լորձաթաղաթի առողջությունը՝ հակաբորբոքային ազդեցության շնորհիվ ապահովելով իմունային պատասխան վիրուսներին ու այլ հարուցիչներին։
Աղիների առողջության հետ կապ ունեցող գործոնները այսքանով չեն սահմանափակվում, իհարկե, սակայն սրանք այն գործոններն են, որոնց մասին մարդիկ, ցավոք, ամենից շատ են մոռանում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։