09/08/2022 17:30
Ինչպես է աղիքների առողջությունն ազդում գլխուղեղի և հոգեկան առողջության վրա
Գիտական բազմաթիվ հետազոտությունների համաձայն, գլխուղեղի և աղիքների՝ «երկրորդ ուղեղի» միջև կապը հետևյալ կերպ է արտահայտվում․ մարդու աղեստամոքսային համակարգում մոտ 100 տրիլիոն միկրոօրգանիզմներ կան, ներառյալ բակտերիաները։
Բայց բոլոր բակտերիաները միանման չեն։ Մի մասը՝ օգտակարները, նպաստում են ֆիզիկական ու հոգեկան նորմալ առողջությանը, մյուսները՝ վնասակարները, հիվանդությունների ու խանգարումների առաջացման համար են նպաստավոր միջավայր ձևավորում։
Oրվա ընթացքում այս օգտակար ու վնասակար բակտերիաները մրցակցում են՝ աղիքների նկատմամբ վերահսկողության համար։ Առողջությունը պահպանելու համար անհրաժեշտ է, որ օգտակար բակտերիաներն աղիքային բոլոր բակտերիաների 85 տոկոսը կազմեն։ Եթե վնասակարները ակտիվ բազմանում են ու գերազանցում 15 տոկոսը, տհաճ խնդիրներ են առաջանում։ Հետազոտությունները ցույց են տալիս, որ աղիքային բակտերիաները մեծ ազդեցություն ունեն գլխուղեղի աշխատանքի վրա, այդ թվում՝ նյարդային կիսահաղորդիչների՝ սերոտոնինի, դոֆամինի, գամմա-ամինոկարագաթթուի արտադրության պրոցեսի վրա։ Նեյրոհաղորդիչները չափազանց կարևոր են հուզական ու հոգեկան նորմալ վիճակի համար․ բազմաթիվ հոգեկան խանգարումների դեպքում դրանց ծավալը նորմայից շեղված է լինում։
Աղիների խանգարումների հետ են կապում նշված 5 հիվանդությունները և խնդիրները
Ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ․ 2021 թվականին հրապարակված գիտական հետազոտություններից մեկում ապացուցվում է, որ աղիքային վնասակար բակտերիաների մեծ քանակը կապ ունի այս համախտանիշի հետ։ Հուսադրող է այն, որ աղիները հնարավոր է բուժել։ 2019 թվականին «Scientific Reports» ամսագրում հրապարակված հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ ուշադրության պակասի և հիպերակտիվության համախտանիշ ունեցող երեխաների մոտ, որոնք վիտամիններ ու հանքանյութեր են ընդունել, աղիքային վնասակար բակտերիաները, որոնք կապ ունեն նշված հիվանդության հետ, նվազել են։
Դեպրեսիա․ 2019 թվականին եվրոպացի գիտնականների խումբը հետազոտել է դեպրեսիայով տառապող մարդկանց աղիքային բակտերիաները և արդյունքները համեմատել է առողջ մարդկանց ցուցանիշների հետ։ Պարզվել է, որ դեպրեսիայով տառապողների մոտ բակտերիաների որոշակի տեսակի պակաս կա, ինչպես նաև վնասակար բակտերիաների ավելցուկ։
Տագնապ և անհանգիստ վիճակ․ այս դեպքում ևս մեղքի իրենց բաժինն ունեն աղիքներում եղած վնասակար բակտերիաները։ 2019 թվականին «General Psychiatry» ամսագրում հրապարակվել են 21 հետազոտությունների ամբողջացված արդյունքները, որոնցով ապացուցվել է, որ երբ պրոբիոտիկների կամ սննդակարգում արված այլ փոփոխությունների շնորհիվ աղիքային բակտերիաները կարգավորվել են, ապա տագնապի և անհնագստության սիմպտոմներն էլ էականորեն նվազել են։
Երկբևեռ խանգարում․ Երկբևեռ խանգարում ունեցող մարդկանց մոտ ավելի շատ ու հաճախ են աղեստամոքսային համակարգի խանգարումներ, մասնավորապես՝ աղիների բորբոքային հիվանդություններ առաջանում։ Գիտնականներն ակտիվ հետազոտում են աֆեկտիվ խանգարման և աղիների առողջության միջև եղած կապը։
Շիզոֆրենիայի և աղիքների ֆունկցիաների խանգարման միջև ևս կապ կա։ 2019 թվականին անցկացված հետազոտություններից մեկի համաձայն, որի արդյունքները հրապարակվել են «Science Advances» ամսագրում, շիզոֆրենիայով տառապող մարդկանց աղիներում բակտերիաների բազմազանությունը մեծ չէ, բացի այդ, հայտնաբերվել են բակտերիաների յուրահատուկ տեսակներ, որոնք առողջ մարդկանց աղիներում չկան։ Այս հետազոտության ընթացքում շիզոֆրենիայով տառապողների բակտերիաները տեղադրվել են լաբորատոր մկների օրգանիզմում, և նրանք սկսել են դրսևորել այնպիսի վարքագիծ, որը հատուկ է շիզոֆրենիայով հիվանդ կրծողներին։
Նշված արդյունքները վկայում են, որ մարդու «երկրորդ ուղեղը» կամ բարենպաստ է ազդում գլխուղեղի աշխատանքի և հոգեկան առողջության վրա, կամ վնաս է հասցնում դրանց։ Այդ պատճառով շատ կարևոր է առողջ սննդակարգին հետևելը՝ հնարավորինս խուսափելու համար ֆիզիկական և հոգեկան առողջության հետ կապված խնդիրներից։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։