09/08/2022 18:00
Յոթ նշան՝ վկայող այն մասին, որ հորմոններին շտապ օգնություն է անհրաժեշտ
Ամենահաճախ հանդիպող նշանները, որոնք ահազանգում են այն մասին, որ մարդու օրգանիզում հորմոնալ խնդիրներ կան, մի քանիսն են։ Դրանց առկայության դեպքում անհրաժեշտ է դիմել մասնագետի օգնությանը՝ անհրաժեշտ բուժօգնություն ստանալու և հորմոնալ հավասարակշռությունը վերականգնելու համար։
Այտուցվածություն․ այս ախտանիշի առկայությունը հատկապես նկատելի է, եթե լեզուն է մի փոքր ուռել, կողքերին նկատելի են ատամների հետքերը, իսկ վրան սպիտակ փառ կա, որը դժվարությամբ է հեռացվում։ Սա կարող է վկայել վահանաձև գեղձի հիպոթիրեոզի մասին։
Մաշկի մգացում մարմնի բնական ծալքերի, շփման կետերի հատվածներում (արմունկներ, պարանոց, թևատակեր, աճուկային հատված) կամ մաշկի չորացում ու շերտազատում։ Այս դեպքում ինսուլինի կամ կրկին վահանաձև գեղձի հիպոթիրեոզի կապված խնդիր կարող է լինել։ Ընդ որում, դրանք կարող են միմյանց հետ փոխկապակցված լինել, մեկը՝ մյուսի հետևանք։
Դաշտանային ցիկլի խանգարումներ․ ցիկլի կրճատումը կամ սովորականից երկար ցիկլը կանանց վերարտադրողական առողջության երկու գլխավոր հորմոնների՝ էստրադիոլի կամ պրոգեստերոնի անբավարարության մասին կարող է վկայել։ Դաշտանային ցիկլի տևողությունը անհատական է, այն տարբեր կանանց մոտ տարբեր է, բայց դրա նկատելի և հաճախակի փոփոխությունների դեպքում պետք է դիմել մասնագետին։
Ցավոտ դաշտանը և նախադաշտանային համախտանիշը նույնպես վկայում են պրոգեստերոնի անբավարարության մասին։ Պրոգեստերոնը ցավազրկող հատկանիշ ունի՝ ոչ միայն դաշտանի ժամանակ․ այն արտադրվում է ոչ միայն դեղին մարմնում, այլև կենտրոնական նյարդային համակարգի բջիջներում։ Տեսություններից մեկի համաձայն՝ դրա սինթեզի խախտումը նախադաշտանային համախտանիշի պատճառ կարող է լինել։
Լիբիդոյի նվազում․ բոլոր կանայք յուրահատուկ են, և նրանց մոտ սեռական ակտիվությունն էլ տարբեր է, սակայն կնոջ լիբիդոն պայմանավորված է ոչ միայն հորմոններով, այլև հոգեբանական ու սոցիալական գործոններով։ Եթե սեքսը տևական ժամանակ է՝ բացակայում է կյանքից, իսկ դրա մասին մտքերն էլ անհետացել են, հարկավոր է դիմել բժշկին ու ստուգել տեստոստերոնի ինդեքսը։
Ցելյուլիտ․ նույնիսկ ավելորդ քաշի բացակայության պայմաններում կարող է ցելյուլիտ առաջանալ, և այն հատուկ է ոչ միայն կանանց։ Ցելյուլիտն ավելի շատ էստրոգենի անբավարարության, քան դրա ավելցուկի նշան է, այդ պատճառով էլ ամենից հաճախ տարիքի հետ է կապված․ առաջանում է ավելի հասուն տարիքում։
Քաղցրի վառ արտահայտված պահանջ․ վկայում է բջիջներում և հյուսվածքներում էներգիայի պակասի մասին, որն օրգանիզմը փորձում է լրացնել ամենահեշտ ձևով՝ ավելացնելով գլյուկոզայի պահանջը։ Եթե անհնար է դարձել կյանքի մեկ օրն անգամ ապրել առանց քաղցրավենիքի, ապա պետք է լուծել բջիջների էներգետիկ քաղցի խնդիրը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։