09/08/2022 17:32
Արցախ-Հայաստան այլընտրանքային ճանապարհի անվտանգությունը Բերձոր-Աղավնոյով անցնող միջանցքի սկզբունքով է լինելու. Խանումյան
Արցախ-Հայաստան այլընտրանքային ճանապարհի նոր երթուղին սկսվում է Տասը Վերստ բնակավայրից, ապա անցնում Մեծ Շեն, Հին Շեն և Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի վարչական տարածքով և հասնում մինչև ՀՀ սահման, «Արմենպրես»-ին ասել է Արցախի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը՝ պատասխանելով այլընտրանքային ճանապարհով երթևեկությունը կազմակերպելու առանձնահատկությունների և հարևանությամբ կառուցվող նոր ենթակառուցվածքների վերաբերյալ հարցին։
«Դեռևս կառուցված չէ դեպի Կոռնիձոր 11 կիլոմետրանոց ճանապարհահատվածը։ Մինչև այդ ժամանակավորապես կանցնենք 4 կիլոմետրանոց գրունտային փոքր հատվածով, որը միանում է գործող մայրուղուն՝ Աղավնոյի հենց վերևում»,-ասել է Խանումյանը՝ հավելելով, որ այլընտրանքային ճանապարհը կգործի միջանցքի տրամաբանությամբ:
Նրա խոսքով՝ ՀՀ սահմանից Կոռնիձոր ընկած ճանապարհահատվածը նախատեսվում է կառուցել մոտ 250 օրում:
Այլընտրանքային ճանապարհի անվտանգությունը գործելու է ներկայում Բերձոր-Աղավնոյով անցնող միջանցքի սկզբունքով. նոր երթուղու 5 կիլոմետրանոց հատվածում կտեղակայվի ռուսական խաղաղապահ զորախումբը։
Ինչ վերաբերում է այլընտրանքային ճանապարհի երկայնքով Արցախը սնուցող նոր ենթակառուցվածքների, մասնավորապես, կապի և էլեկտրամատակարարման բարձրավոլտ գծերի անցկացմանը, ապա Հայկ Խանումյանը նշել է, որ աշխատանքներն ընթացքում են․ նախատեսում են ավարտել սեղմ ժամկետներում: