09/08/2022 14:41
Չորս որդիներիս հետ ապրելու, արարելու ենք միայն Արցախում. թող չասեն, թե ուրիշ տեղ կյանք կա. Նախշուն Ավագյան
«Թող չասեն, թե կյանք կա ուրիշ տեղ, ես Արցախից հեռու կյանք չունեմ. սա է իմ ճակատագիրը՝ ապրել, արարել Արցախում, տղաներս հենց այս հողի վրա պիտի ապրեն, հենց այստեղ պիտի ընտանիք ստեղծեն»։
Նախշուն Ավագյանն Արցախից է, 44-օրյա պատերազմի օրերին երկու ամիս Երևանում կամավորական աշխատանքների է մասնակցել, ասում է՝ հավատում էի, որ օրհնանքները կպաշտպանեն մերոնց։ Նախշունը զինվորական ամուսնուն ամիսներ չի տեսել, մի քանի վայրկյանների հեռախոսազանգերին հասցրել է ասել՝ հենց նորից վերադառնան Արցախ, չորրորդ որդին կունենան։
Նախշունն իր խոստմանը հավատարիմ մնաց, ծնվել է ընտանիքի չորրորդ զավակը, մայրն ասում է՝ թեև որդիս մեկ տարեկան դեռ չկա, բայց հոր հանդեպ վերաբերմունքն ընդգծված է, շատ կարոտում է զինվորական հայրիկին՝ երկար կանգնում է դռան առջև, սպասում։
«Պատերազմի օրերին Երևանում կամավորական աշխատանքներից բացի, նաև գիշերները աշխատում էի, տոնավաճառների մասնակցում՝ հոգալով երեխաներիս կարիքները։ Տոնավաճառից հավաքված գումարով կարի մեքենա գնեցի ու Արցախ վերադառնալու առաջին օրվանից մինչև այսօր աշխատում եմ»։
Աքսեսուարներից մինչև գործվածքներ. էկո պայուսակների նախշերի թեմատիկան հիմնականում արցախյան է, Նախշունն ասում է՝ վերջին ժամանակներին շատացել են արտերկիր նվերներ ուղարկելու պատվերները։
Նախշունը վերջերս մասնակցել է նաև ՀԲԸՄ «Կին ձեռներեցների» ծրագրին, արժանացել է ժյուրիի համակրանքին ու նաև դրամական պարգևի, որով նախատեսում է ասեղնագործության մեքենա գնել։
Թե՛ հայրենիքի, թե՛ արվեստի հանդեպ սերը հայրիկից՝ Կարմեն Ավետիսյանից է ժառանգել, որ Արցախյան պատերազմի մասնակից է, ազատագրել է Տիգրանակերտը։ Ազգությամբ ռուս մայրիկն էլ իրենց հետ հավասար ապրում է Արցախի ամեն օրով, Արցախյան առաջին պատերազմին ակտիվ մասնակցել է բոլոր ցույցերին։
Խաղաղություն ենք ուզում, ոչ դղյակներ կամ շքեղ կյանք, պատրաստ ենք բոլոր դժվարությունները հաղթահարելով ապրել, արարել Արցախում, ասում է Նախշուն Ավագյանը։
«Թուլանալու իրավունք չունեմ, որդիներս համար օրինակ պետք է լինենք, կարևորը Արցախում ենք, մյուս բոլոր հոգսերը, խնդիրները համառորեն կհարթենք»։