09/08/2022 10:04
«Հրապարակ». Սպասվող ՏԻՄ ընտրություններում հատկապես կատաղի մարտեր են մղվելու Սյունիքի մարզի Սիսիան համայնքում
«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 27-ին Հայաստանի մի շարք համայնքներում սպասվող ՏԻՄ ընտրություններում հատկապես կատաղի մարտեր են մղվելու Սյունիքի մարզի Սիսիան համայնքում, որտեղ տևական ժամանակ է՝ նախընտրական կրքերը եռում են: 7-8 թեկնածու է հավակնում համայնքի ղեկավարի պաշտոնին: ՔՊ թեկնածուն համայնքապետի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանն է՝ ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի ազգականը:
ՔՊ-ի մի թևը, որը Համբարձումյանի հետ մրցակցության մեջ է՝ Արսեն Ավագյան-Սևակ Մուսաթյան զույգը որոշել են սեփական թեկնածուն առաջադրել և բանակցում են Արման Բաբաջանյանի հետ` նրա կուսակցությամբ մասնակցելու հարցով: Դաշնակցության թեկնածուն ազատամարտիկ-գեղանկարիչ Աշոտ Ավագյանն է, մանդատից հրաժարված «Հայաստան» դաշինքի նախկին պատգամավոր Արթուր Ղազինյանի «Մեկ Հայաստան» կուսակցությունը ևս հավակնություններ ունի` ցուցակը կգլխավորի Սիսիանի «Յունիբանկի» մասնաճյուղի կառավարիչը: Իշխանության հիմնական մրցակիցը, սակայն, լինելու է գործարար Արա Զաքարյանը, որը, չնայած իշխանամետ է, սակայն նեղացած է ՔՊ թիմից՝ իրեն Սիսիանի համայնքապետի ԺՊ չնշանակելու, ապա տարածքային կառույցը չվստահելու համար և հիմա վիզ է դրել պատժել իշխանություններին:
Մեզ ասացին, որ թեկնածուն հույժ գաղտնի է պահում, թե որ կուսակցության ցուցակով է մասնակցելու: Իսկ «Հայաստան» դաշինքի ցուցակը կգլխավորի նախկին համայնքապետ, ներկայումս պատգամավոր Արթուր Սարգսյանի մտերիմ Սիմոն Հովհաննիսյանը, որն աշխատում է համայնքապետարանում»։