09/08/2022 10:15
«Ժողովուրդ». Նախաքննական մարմինը հակված է մեղադրանք առաջադրել պարեկին
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ, ԱԺ նախկին պատգամավոր Գևորգ Պետրոսյանի եղբոր՝ Էդգար Պետրոսյանի և պարեկների միջադեպի գործով Քննչական կոմիտեն քննարկումերի մեջ է. պիտի որոշեն, թե ով է միջադեպի մեղավորը:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ պարեկներն ու դատախազը վերջերս առերես հարցաքննվել են, և ամեն մեկն իր խոսքն է առաջ տարել: Հիմա գնդակը Քննչական կոմիտեի դաշտում է: Մեզ հասած լուրերի համաձայն՝ այս պահին նախաքննական մարմինը հակված է մեղադրանք առաջադրել պարեկին:
Ինչպես հայտնի է՝ հուլիսի 8-ին նախկին պատգամավորի դատախազ եղբայրը՝ Էդգար Պետրոսյանը, պարեկների հետ բախվել էր: Պարեկները պնդում են, որ դատախազը հայհոյանքներ է հնչեցրել, բռնություն է կիրառել, այդ պատճառով են իրենք դատախազին բռնությամբ ձերբակալել: Համացանցում տարածվեց տեսանյութ, որտեղ Էդգար Պետրոսյանը իր տան բակում կանգնած զրուցում է, և պարեկները, արցունքաբեր գազ կիրառելով՝ նրան ձերբակալում են, իսկ ավելի ուշ ազատ արձակում: Այս դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել, և բանը հասել է մեղադրանքի փուլին»։