10/08/2022 17:30
Ծաղկակաղամբի օգտակար հատկությունները, հակացուցումները
Ծաղկակաղամբը հարուստ է հակաբորբոքային, հակաքաղցկեղածին հատկություններ ունեցող տարրերով, բարելավում է գլխուղեղի աշխատանքը, նվազեցնում է սիրտ-անսթային համակարգի հիվանդությունների առաջացման հավանականությունը։ Ցածր կալորիականության շնորհիվ ծաղկակաղամբը դիետիկ սննդակարգի կարևորագույն բաղադրիչներից է։
Բանջարեղենը հարուստ է նաև հակաօքսիդանտներով, ծաղկակաղմաբի 100 գրամը բավարարում է վիտամին C-ի օրվա պահանջը։
Հայտնի է, որ բորբոքային գործընթացը մեծացնում է սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների, կաթվածի, դիաբետի, Ալցհեյմերի, Պարկինսոնի հիվանդության առաջացման հավանականությունը, ծաղկակաղամբի հակաբորբոքային հատկությունը պայմանավորված է K, C վիտամինների, հակաօքսիդանտների, օմեգա-3-ի պարունակությամբ, որ նպաստում են անոթների առողջությանը, կարգավորում են զարկերակային ճնշումը, նվազեցնում են արյան մեջ խոլեստերինի մակարդակը։
Վիտամին K-ի պարունակության շնորհիվ ծաղկակաղամբը նպաստում է ոսկրային համակարգի ամրացմանը, կանխում է օստեոպորոզի առաջացումը, մասնակցում է նաև արյան մակարդման գործընթացին, հարստացնում է օրգանիզմը կալցիումով։
Թաղանթանյութի պարունակության շնորհիվ ծաղկակաղամբը նպաստում է մարսողության բարելավմանը, կանխում է փորկապության առաջացումը, նպաստում է օրգանիզմից թույների, ավելորդ հեղուկի դուրսբերմանը։
Մեծ քանակության հում ծաղկակաղամբի օգտագործումը կարող է նպաստել հիպոթիրեոզի (վահանաձև գեղձի հիվանդություն) զարգացման (յոդի դեֆիցիտի դեպքում)։ Մեծ քանակության ծաղկակաղմաբ ցուցված չէ օգտագործել նաև պոդագրայի(հոդատապ), քարային հիվանդությունների դեպքում։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։