10/08/2022 09:52
«Ժողովուրդ». Ղարաբաղցի Արմանը ՔՊ-ի սիրելի օլիգարխն է. նա Սևան ազգային պարկին պատկանող տարածքը նվեր է ստացել
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը երեկ գրել էր, որ հետհեղափոխական Հայաստանում Սևանը ցանկապատերից ազատելու խոստում տված Նիկոլ Փաշինյանի օրոք նոր շքեղ առանձնատուն է կառուցվում Սևանա լճի ափին: Արցախի քաղաքաշինության նախկին նախարարի որդին, «Կապավոր» ընկերության խորհրդի նախագահ Արման Հակոբջանյանն է դղյակը կառուցում՝ շիննորմերի տարաբնույթ խախումներով: Բայց դրա վրա աչք է փակում Կառավարությունը, քանի որ ղարաբաղցի Արմանը ՔՊ-ի սիրելի օլիգարխն է: Նա նաև պետական մրցույթներում է գրեթե միշտ հաղթում:
Արման Հակոբջանյանին հաճախ կարելի է տեսնել Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանի հետ (ֆուտբոլային թեմաների մասին՝ շուտով): Մարդ, ով ի պաշտոնե՝ որպես նախարար, պարտավոր է Սևանա լիճը պահպանել, նոր դղյակի կառուցումը խրախուսում է:
«Ժողովուրդ» օրաթերթը պարզեց, որ Արման Հակոբջանյանը Սևան ազգային պարկին պատկանող տարածքը նվեր է ստացել 2018-ին՝ հեղափոխության տարում, իսկ նախագծման թույլտվությունը ստացել է 2019-ին՝ Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանի օրոք՝ Շողակաթ համայնքի ղեկավար Սուլիկո Շուշանյանի ստորագրությամբ: Թե ումից է Սևանի ափամերձ 2060 քմ հողակտորը նվեր ստացել, մեզ առայժմ պարզել չհաջողվեց: Բայց երևույթն, ինքնին, խոսուն է և հետաքննությունը շարունակվում է»։