10/08/2022 13:13
Արցախի ԱԽ գրասենյակը հայտնել է, թե ինչու է Բալասանյանը ՌԴ խաղաղապահների և Ադրբեջանի ներկայացուցիչների հետ այցելել Բերձոր
Արցախի անվտանգության խորհրդի քարտուղարի գրասենյակը հաստատել է, որ ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը ՌԴ խաղաղապահ զորակազմի և ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ այցելել է Բերձոր:
«Առավոտ» օրաթերթի կայքէջում «Վիտալի Բալասանյանը Բերձոր է այցելել ադրբեջանցի պաշտոնյաների եւ ռուս հրամանատարների հետ» վերտառությամբ հոդված էր հրապարակվել, որում Բերձորի բնակիչ Սաթիկ Ասատրյանը հայտնել էր, որ Բալասանյանը Ադրբեջանի պաշտոնյաների և ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարների հետ շրջել է Բերձորում: Տեղեկությունը նաև հաստատել էր Բերձորի քաղաքապետ Նարեկ Ալեքսանյանը:
Պատասխանելով «Արմենպրես» լրատվական գործակալության թղթակցի գրավոր հարցին, թե արդյոք նշված տեղեկությունը համապատասխանու՞մ է իրականությանը, թե՞ ոչ, եթե այո՝ ապա ո՞րն էր այցելության նպատակը և ի՞նչ հարցեր են քննարկվել՝ Արցախի ԱԽ գրասենյակից նշել են.
«Անդրադառնալով Անվտանգության խորհրդի քարտուղարի՝ քաղաք Բերձոր կատարած այցելությանը, այն պայմանավորված է 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ նախատեսված՝ Արցախը Հայաստանին կապող նոր երթուղու շինարարության ընթացքին ծանոթանալու նպատակով և տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում տեղակայված ՌԴ խաղաղապահ զորակազմի, ինչպես նաև ադրբեջանական կողմի ներկայացուցիչների հետ համատեղ»:
Հարցին, թե արդյո՞ք նմանատիպ այցելություններ եղել են Աղավնո և Ներքին Սուս բնակավայրեր՝ ԱԽ գրասենյակից պատասխանել են, որ Աղավնո և Ներքին Սուս բնակավայրեր այցելություն չի եղել:
«Արմենպրես»-ի թղթակիցը նաև հետաքրքրվել է, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում Աղավնոյի, Բերձորի, Ներքին Սուսի բնակիչներին պատշաճ և անվտանգ տարհանումը մինչև օգոստոսի 25-ը կազմակերպելու համար:
«Տեղեկացնում ենք, որ մնացյալ հարցերով կարող եք դիմել Արցախի Հանրապետության համապատասխան լիազոր մարմիններ», - նշել են Արցախի ԱԽ գրասենյակից: