10/08/2022 09:57
«Ժողովուրդ». ԱԱԾ-ն մեղադրանք է առաջադրել Պատրոն Դավոյի քրոջորդուն՝ Արթուր Բաղդասարյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ Ազգային անվտանգության ծառայության կողմից ձերբակալված ՊՆ գեներալ-մայոր Արմեն Հարությունյանի գործով ԱԱԾ-ն նաև մեղադրանք է առաջադրել բանակին զենք մատակարարող հայտնի գործարար Դավիթ Գալստյանին՝ Պատրոն Դավոյին, և նրա քրոջորդուն՝ Արթուր Բաղդասարյանին:
Նախկին ու ներկա իշխանությունների օրոք զենքի առևտրով ու ներկրմամբ զբաղվող Դավիթ Գալստյանը և քրոջորդին կալանքի տակ էին մինչև ՊՆ գեներալին կալանավորելը: Այսօր նրանք ազատության մեջ են, իսկ գեներալ Հարությունյանը կալանքի տակ է: Ինչպես, ինչի դիմաց՝ անհասկանալի է: Գալստյանը կարողանում է բոլոր իշխանությունների օրոք հարցեր լուծել, անպատիժ մնալ:
Դեռևս երկու տարի առաջ տեղեկացրել էինք, որ արտերկրում գրանցված Mosston Engineering ընկերության խորհրդի նախագահ Դավիթ Գալստյանը իր ընկերության տնօրեն Արթուր Բաղդասարյանի հետ 2018 թվականի ընթացքում ՊՆ-ին է մատակարարել 1983-1986թթ. արտադրության հրանոթի անորակ արկեր, որոնցով, ըստ ԱԱԾ-ի, հնարավոր չի եղել լուծել մարտական խնդիրներ: Դրանց դիմաց Գալստյանը 1 մլն 83.000 ԱՄՆ դոլար գումար է ստացել: Փաստորեն, չկրակող արկերը պետության վրա վաճառողը ազատության մեջ է»։