10/08/2022 15:36
54 ընտանիքից 7-ն է մնալու Արցախում. Աղավնոյի գյուղապետ
«Հրապարակ»-ը զրուցել է Աղավնոյի համայնքապետ Անդրանիկ Չավուշյանի հետ:
- Պարո՛ն Չավուշյան, այս պահին գյուղում ի՞նչ իրավիճակ է: 15 օրից պետք է գյուղն ազատեք: Ինչո՞վ եք զբաղված հիմա:
- Հիմա տարհանման աշխատանքներ են իրականացվում: Դեռևս գյուղից չեն հեռացել բնակիչները: Այս պահին դպրոցն ենք ազատում:
- Իսկ ինչպե՞ս եք տարհանելու՝ մեքենաներ տրամադրվե՞լ են:
- Այս պահին բնակիչներին ոչինչ չի տրամադրվել տների համար: Դպրոցն ազատելու համար մեքենա նախարարությունը տրամադրել է:
- Նախորդ անգամ մեզ հետ զրույցում նշել էիք, թե պետությունն ամեն մի անձի համար փոխհատուցում է պատրաստվում վճարել՝ 40 հազար դրամ:
- Այդ գումարը վարձակալական հիմունքներով է տրամադրվելու, մինչև սերտիֆիկատների հարցը լուծվի: Երևան տեղափոխվող մարդկանց պետք է սերտիֆիկատներ տրամադրեն, որպեսզի նրանք տասը միլիոն դրամին համարժեք ծախսեր անեն:
- Գյուղն ունի ավելի քան 200 բնակիչ` 54 ընտանիք: Նրանցից քանի՞սն են մնալու Արցախում և քանի՞սն են Հայաստան տեղափոխվելու:
- 54 ընտանիքից ընդամենը 7-ն է մնալու Արցախում, մնացածը տեղափոխվելու են Հայաստան` տարբեր ուղղություններով՝ Երևան, Սյունիք, և այլն:
- Իսկ այդ 7 ընտանիքը, որ ցանկանում է Արցախում մնալ, որտե՞ղ է բնակվելու:
- Դեռ հստակ չէ, այդ գործերով վաղն ենք զբաղվելու, հավանաբար նրանք հյուրատներում կբնակվեն ժամանակավորապես, մինչև կառուցվող տների հարցը լուծվի:
- Իսկ Դուք որտե՞ղ եք բնակվելու:
- Ստեփանակերտ:
- Հայկ Խանումյանի ասածների վերաբերյալ քննարկումները չեն դադարում: Նշվում էր, որ Խանումյանը Ձեզ սպառնացել է, որ եթե այրեք տները, փոխհատուցում չեք ստանա, սակայն վերջինս երեկ հարցազրույց է տվել և նշել, որ, այո՛, հորդորել է չայրել տները, սակայն փոխհատուցման մասին խոսք չի եղել: Ի վերջո, եղե՞լ է նման խոսակցություն:
- Հստակ չեմ հիշում, դե երևի եղել է, որ ասել ենք:
- Իսկ Դուք ի՞նչ եք կարծում՝ ազերիները կապրե՞ն հայերի տներում: Ի վերջո, նրանք էլ քանդում և զրոյից կառուցում են:
- Այո, նրանք երբեք հայերի տներում չեն ապրի: Շուշիում հիմա չկա ադրբեջանական բնակչություն, չեմ կարող հստակ ասել, սակայն ինձ չի թվում, որ նրանք կապրեն մեր հայերի տներում: Մենք միշտ կառուցել ենք, ստեղծել ենք, էնպես չի, որ մենք սիրում ենք քանդել, պարզապես հանգամանքներն են ստիպում: Շենքի արժեքը չէ այստեղ խնդիրը:
- Ե՞րբ եք պատրաստվում գյուղը լքել:
- Մարդիկ հիմա պատրաստվում են, իրերն են հավաքում՝ «թոփ անում»: Հերթականությամբ պատրաստվում ենք։