10/08/2022 10:05
«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանն է որոշելու՝ ովքեր են տեղ գտնելու ՔՊ վարչությունում. ՔՊ-ում նախընտրական եռուզեռ է
«Հրապարակ» թերթը գրում է. «Չնայած երկրում ստեղծված իրավիճակին, ՔՊ-ում այս պահի դրությամբ չեն հետաձգել սեպտեմբերի 18-ին նշանակված համագումարը։ Ավելին՝ համագումարում ընտրվելիք վարչության անդամների թեկնածուների շրջանում նախընտրական եռուզեռ է, ծրագրեր են գրում, տեսլականներ մշակում` կուսակցության գործունեության վերաբերյալ, քանի որ շաբաթներ անց՝ օգոստոսի 18-19-ից մեկնարկելու է թեկնածուների ընտրության նախընտրական փուլը։ Կստեղծվի ներկուսակցական հարթակ, որում ընդգրկված կլինեն ընտրիչներն ու ընտրվողները և վարչության անդամության համար պայքարողները հանդես կգան նախընտրական ելույթներով, կպատասխանեն թիմակիցների հարցերին։ Եվ չնայած կուսակցության կանոնադրական այս պահանջներին, ՔՊ-ում շատերը համոզված են, որ ընտրությունների ելքը կանխորոշված է, քանի որ Նիկոլ Փաշինյանն է որոշելու՝ ովքեր են տեղ գտնելու ՔՊ վարչությունում, կամ, այսպես կոչված, իր նեղ «կռուգում», ովքեր դուրս կմնան: Առաջադրված թեկնածուները 48-ն են, վարչության կազմը՝ 15 հոգանոց։
Համագումարին ընդառաջ` կուսակցությունում ավարտին են հասցնում նաև կուսակցության նոր մարմնի՝ Խորհրդի ձևավորումը: Մոտ երկու ամիս է՝ ՔՊ մարզային և տարածքային խորհուրդների ընտրությունն է ընթանում: Կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացանք, որ մոտ 5-6 խորհուրդ է մնում ընտրել, որից հետո կձևավորվի ՔՊ մեծ խորհուրդը»։