10/08/2022 15:11
Երևանի 43-ամյա բնակիչը Ստեփանակերտի բնակարաններից մեկից ոսկյա զարդեր է գողացել
Հուլիսի 19-ին ԱՀ ոստիկանության հերթապահ մասում Ստեփանակերտ քաղաքի բնակչից հաղորդում էր ստացվել, որ Ազատամարտիկների փողոցի իրենց բնակարանից գողություն է կատարվել:
Դեպքի վայր մեկնած ոստիկանության ծառայողները պարզել են, որ անհայտ անձը չպարզված եղանակով մուտք է գործել բնակարան և ննջասենյակի պահարանի վրա գտնվող զարդատուփից գողացել ոսկյա 5 մատանի, 4 զույգ ականջօղ, արծաթե 1 ականջօղ, 2 հատ ոսկյա և 1 ոսկեջրած վզնոց ու 1 արծաթե վզնոց իրկախազարդով:
ՆԳ նախարարության ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության ծառայողները, քրեական հետախուզության վարչության և ԱԱԾ ծառայողների հետ համատեղ ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզել են, որ հուլիսի 17-ին ժամը 19:30-ի սահմաններում նշված գողությունը կատարել է Երևան քաղաքի 43-ամյա բնակիչ Հ. Մ.-ն:
Ստուգմամբ զբաղվում է Քննչական կոմիտեն: