11/08/2022 18:30
Ի՞նչ է ճողվածքը. Երեխաների մոտ խնդրի առանձնահատկությունները
Ճողվածքը ներքին օրգանների արտացցումն է խոռոչներից` առանց դրանց պատերը ծածկող թաղանթների վնասման: Ճողվածքները լինում են բնածին (հիմնականում երեխաների մոտ) և ձեռքբերովի:
Տարբերում են ճողվածքների հետևյալ տեսակները`
ուղեղային ճողվածք,
կրծքային ճողվածք,
որովայնային ճողվածք, որն էլ ըստ տեղայնության՝
աճուկային,
ազդրային,
պորտային ևն։
Երեխաների մոտ ավելի մեծ տարածում ունեն պորտային և աճուկային ճողվածքները:
Բնածին ճողվածքներն առաջանում են ներարգանդային զարգացման թերությունների դեպքերում:
Արտաքին ճողվածքի ախտանշաններն են արտացցվածքները (ուռածությունը) մարմնի բնորոշ տեղերում: Չբարդացած դեպքերում հիվանդներն ունենում են ծանրության, տհաճության զգացում, երբեմն` նաև ցավեր: Կարող է խանգարվել միզարձակումը: Մեծ ճողվածքի ժամանակ ցավերը դառնում են մշտապես կրկնվող և ազդում են հիվանդի աշխատունակության վրա:
Ճողվածքի բուժման միակ արմատական եղանակը վիրահատությունն է: Բոլոր հիվանդները պետք է գտնվեն վիրաբույժի հսկողության ներքո: Չբարդացած ճողվածքի վիրահատական բուժումն անվտանգ է և արդյունավետ։
Սեղմող գոտի կրելը չի երաշխավորում ճողվածքի փոփոխությունը: Այն թույլատրվում է կրել միայն այն ժամանակ, երբ որոշ հիվանդությունների առկայության դեպքում վիրահատությունը հակացուցված է:
Կրծքի երեխաների պորտային ճողվածքի ոչ վիրաբուժական բուժումը կատարվում է բժշկի հսկողությամբ` երեխայի պորտին կպչուն սպեղանի դնելով, ինչը կանխում է ճողվածքապարկի արտացցումը: Անհրաժեշտ է օգտագործել միայն թարմ սպեղանի, քանի որ հինը կարող է շուտ պոկվել և մաշկը կակղեցնել: Պորտին սպողանի կպցնելուց բացի, բժիշկը կարող է առաջարկել օրգանիզմն ամրապնդող դեղորայքային բուժում, որովայնի պատի մերսում, ինչպես նաև որովայնի մկաններն ամրապնդող միջոցներ:
Աճուկային ճողվածքի առկայության դեպքում երեխաների վիրահատությունը բժշկի նշանակմամբ կատարում են այն տարիքում, երբ դա ամենաանվտանգն է:
Ճողվածքի կանխարգելման լավագույն միջոցներն են որովայնի պատի մկաններն ամրապնդող ֆիզիկական վարժությունները, օրգանիզմի կոփումը:
Հղիության ժամանակ էական նշանակություն ունի ճիշտ ռեժիմը, իսկ ծննդաբերությունից հետո օգտակար է որովայնի մերսումը: Հարկավոր է խուսափել խիստ ճարպակալումից և նիհարելուց:
Խորհուրդ է տրվում փոքր երեխաներին օրը 3-4 անգամ 1-3 րոպե պառկեցնել փորի վրա, ինչը նպաստում է որովայնի ճնշման ամրապնդմանը:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։