11/08/2022 11:54
Ամեն տարի գյուղացիներն ասում են՝ վայ, խաղողի գինն ընկավ․ Փաշինյան
Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, թե ինչու է կառավարությունը խթանում խաղողի միայն գինու սորտերի այգետնկումը։
«Մենք վերջին շրջանում, երբ աշխատանքային քննարկումներ ենք ունենում, մեզ համար ակնհայտ է դառնում, որ շատ դեպքերում մթերման սեզոնի պրոբլեմները կապված են նրա հետ, որ իրականում մեծ դիսբալանս գոյություն ունի խաղողի արտադրության մեջ․ կոնյակի սորտերի շատ մեծ առաջարկ կա, և առաջարկի համեմատ՝ պահանջարկն էականորեն քիչ է, իսկ գինու սորտերի պարագայում քիչ առաջարկ կա, պահանջարկն էականորեն շատ է։
Եվ մենք հիմա որոշեցինք, որ այգետնկման ծրագրով խթանենք միայն և միայն գինու սորտերի այգետնկումը, ինչը շատ կարևոր է և հեռանկարային ուղղություն է», - ասաց նա։
Փաշինյանն արձագանքեց նաև խաղողագործների դժգոհություններին՝ ընդգծելով՝ գոյություն ունի շուկայական տրրամաբանություն։
«Տեսեք, ամեն տարի, երբ գյուղացիներն ասում են՝ վայ, խաղողի գինը ընկավ, դրա պատճառը, ես կուզեմ, որ մեր սիրելի գյուղացիներն իմանան՝ ինչն է։ Սրա համար եմ ասում, որ պրոբլեմ կա․ բերքը շատ է՝ պրոբլեմ է, բերքը քիչ է՝ պրոբլեմ է, որովհետև երբ որ բերքը շատ է, առաջարկը շատ է, գինը, շուկայական տրամաբանությամբ, ընկնում է», - ասաց նա՝ միևնույն ժամանակ նշելով, թե խաղողի միայն գինու սորտերի այգետնկումը խթանելով՝ կառավարությունը կոնյակի արտադրությունը թերագնահատելու նպատակ չունի։