11/08/2022 10:53
«Հրապարակ». «Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին մասնակցելո՞ւ են, թե՞ ոչ
«Հրապարակ» թերթը գրում է. «Օգոստոսի 12-ին կմեկնարկի ութերորդ գումարման խորհրդարանի աշնանային նստաշրջանը։ Ամիսներ շարունակ խորհրդարանի աշխատանքը բոյկոտող ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը չի հստակեցնում՝ աշնանային նստաշրջանին մասնակցելո՞ւ են, թե՝ ոչ: Տեղեկություններ շրջանառվեցին, որ դաշինքում ստորագրահավաք են նախաձեռնել: Դաշինքի ամբողջ ցուցակը` մինչև վերջին մարդն ինքնաբացարկի դիմում է ներկայացնելու և ֆրակցիայի պատգամավորները վայր կդնեն մանդատները։ Սա արվում է, որպեսզի դավաճաններ չհայտնվեն և մանդատը վերցնելով իշխանությունների կողմը չանցնեն: Սակայն, դաշինքից այս տեղեկությունները չեն մեկնաբանում։
Ցուցակը կազմված է 153 անունից և այդքան մարդու համաձայնությունը` մանդատը չվերցնելու հետ կապված, ստանալը դյուրին բան չէ: Բացի այդ` օգսոստոսի 2-ից լրացել է վարչապետի անձեռմխելիության մեկ տարին, և խորհրդարանը կարող է անվստահության գործընթաց սկսել Փաշինյանի դեմ: Սակայն, երկու կողմերի մեր աղբյուրներն ասում են, որ ընդդիմության ու իշխանության միջև վերջին ամիսներին այն կարգի անջրպետ է առաջացել, որ գաղտնի բանակցությունները` անվստահության գործընթաց սկսելու հարցով, ֆանտաստիկայի ժանրից են։ Իսկ ընդդիմությունը միայնակ չունի բավարար ձայներ, որ այդ գործընթացը հաջողությամբ իրականացնի»։