11/08/2022 11:34
«Հավանաբար, վաղն այլևս փոսեր չենք ունենա»․ կառավարության նիստին Փաշինյանն ու Սանոսյանն անդրադարձան Տաթև-Աղվանի ճանապարհի վիճակին
Կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ Տաթև-Աղվանի ճանապարհի վիճակին։
«Տաթև-Աղվանի ճանապարհը նախորդ տարվա վերջին մի փոքր ֆորս-մաժորային իրավիճակում շահագործման հանձնվեց։ Ի սկզբանե այն նախատեսվում էր որպես միջհամայնքային ճանապարհ և շահագործման հանձնվեց, բայց հետագայում մենք տեսանք այս տարի, որ ճանապարհը շատ լուրջ պրոբլեմներ ունի։ Փոսեր էին գոյացել և այլն, և այդպես շարունակ»,- ասաց նա։
Փաշինյանը նաև նշեց՝ տարվա սկզբից աշխատել են ճանապարհը բարեկարգելու ուղղությամբ և հիմա, իր ունեցած տեղեկություններով, խնդիրների մեծ մասը լուծվել է։
«Մնացել է վերջին 500 մետրանոց մի հատված, որտեղ այդ փոսերի հարցը պետք է լուծենք»,- հավելեց Նիկոլ Փաշինյանը։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն էլ վստահեցրեց, թե այս պահին 500 մետրից էլ քիչ հատված է մնացել։
«Հավանաբար, վաղն այլևս փոսեր չենք ունենա, ամբողջովին ասֆալտապատ կլինի։ Երրրորդ շերտի տեղադրման պրոցեսն արդեն սկսվել է, մոտ 5,8 կմ արդեն տեղադրվել է։ Հավանաբար, եթե հասցնենք, կառավարության հաջորդ նիստում մյուս շինարարին գումար կհատկացնենք վերջին շերտի համար։ Քանի որ բավականին շատ էին խնդիրները, եթե որոշ տեղերում նորից խնդիրներ ծագեն, շինարարները դրանք հընթացս կշտկեն, և ասֆալտի վերջին շերտը կտեղադրենք»,- ասաց Սանոսյանը։
Փաշինյանի հարցին՝ «Համոզվա՞ծ ենք, որ այդ ճանապարհը նաև բեռնատարերին պատշաճ կսպասարկի, այդ վիճակի՞ ենք բերել ճանապարհը, թե՞ դեռ էլի կասկածներ ունենք»՝ ՏԿԵ նախարար Սանոսյանը պատասխանեց․
«Կարելի է ասել՝ 90 տոկոսով վստահ ենք, բայց կարող են լինել որոշ տեղեր, որտեղ խնդիրներ կծագեն, որովհետև եղան դեպքեր, երբ չկար խնդիր, բայց հարևան հատվածը քանդում, փոխում էին, մեկ այլ տեղ ինչ-որ խնդիր էր բացվում։ Այդպես փոխել են։ Այսինքն, արդեն հավանականությունը քիչ է։ Ենթադրում ենք՝ երրորդ ասֆալտի երրորդ շերտի տեղադրումը այդ հարցը կկարգավորի»։