11/08/2022 19:25
Արցախում մոտ 48 000 դիմումատու ակնկալում է օգտվել պատերազմի հետևանքով դժվար կացության մեջ հայտնված անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական աջակցությունից
Արցախի Հանրապետության դեմ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմական գործողությունների հետևանքով դժվար կացության մեջ հայտնված ֆիզիկական և իրավաբանական անձանց վարկային պարտավորությունների կատարմանն ուղղված պետական ֆինանսական աջակցության ծրագրից օգտվելու նպատակով Արցախի ներդրումային հիմնադրամ է ներկայացվել 47 հազար 360 դիմում, «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալ Մհեր Մխիթարյանը՝ ընդգծելով, որ դիմումների ընդունման վերջնաժամկետ էր սահմանվել ընթացիկ տարվա հունիսի 1-ը:
«Ընդունված դիմումներից 7 հազարը չեղարկվել է սխալ կամ կրկնակի տվյալների պատճառով, իսկ մնացած դիմումներն անցել են մշակման փուլ։
Ընթացիկ տարվա օգոստոսի 1-ի դրությամբ ունեցած տվյալներով՝ ընթացքավորվել է շուրջ 28 հազար դիմում, որոնք սահմանված կարգով փոխանցվել են մարման գործընթացն իրականացնող համապատասխան բանկերին և վարկային կազմակերպություններին։ Շուրջ 25 հազար դիմումի հիման վրա արդեն մարվել են ծրագրի շահառուների վարկերը»,-ասել է Մհեր Մխիթարյանը։
Նրա խոսքով՝ դիմումների ընթացքավորումը շարունակվում է իրականացվել սոցիալական խմբերի համար գործող առաջնահերթության կարգով։
«Եղել են դեպքեր, երբ դիմումատուները չեն նշել, որ զոհված կամ տեղահանված անձի կարգավիճակ ունեն։ Նման դեպքերում առաջնահերթության կարգով նրանց դիմումներն են ընթացքավորվում»,- հավելել է Մխիթարյանը։
Ըստ պատասխանատուի՝ ծրագրով նախատեսված ժամանակացույցի համաձայն՝ գործընթացը կավարտվի մինչև 2023 թվականի հոկտեմբերը, իսկ ներկայացված դիմումների մշակումը՝ մինչև ընթացիկ տարվա սեպտեմբեր։
«Այս պահի դրությամբ ունենք տրամադրված երաշխավորագիր շուրջ 29 միլիարդ դրամի չափով վարկային պարտավորությունների մարման համար։ Պետական բյուջեից 2021 թվականին, ինչպես նաև ընթացիկ տարում արդեն հատկացվել է ավելի քան 25 միլիարդ դրամ»,-հայտնել է Արցախի ներդրումային հիմնադրամի գլխավոր տնօրենի տեղակալը։
Անդրադառնալով գործընթացի այլ մանրամասների՝ Մհեր Մխիթարյանը նշելկ է, որ դիմումների ուսումնասիրման և քաղաքացիների կողմից վճարված գումարների վերադարձի վերաբերյալ համապատասխան հաղորդագրություններ են ուղարկում բնակիչներին։ Հաղորդագրությունը ստանալու դեպքում քաղաքացուց պահանջվում է բացել գործող հաշվեհամար՝ ՀՀ դրամով, և այն ներկայացնել Ներդրումային հիմնադրամ։