11/08/2022 18:40
«Ում հետ որ անհրաժեշտ է, իհարկե, կհանդիպենք»․ «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ այցելել են Արցախ
Այսօր «Հայաստան» դաշինքի մի խումբ պատգամավորներ այցելել են Արցախ՝ տեղում ծանոթանալու այնտեղ տիրող իրավիճակին։
Hraparak.am-ը զրուցել է պատգամավոր Աղվան Վարդանյանի հետ։
- Պարոն Վարդանյան, ինչո՞ւ եք մեկնել, ի՞նչ նպատակով, ինչպիսին է իրավիճակը Արցախում:
- Ոչ առաջին և ոչ էլ վերջին անգամն է, պարբերաբար այցելում ենք Արցախ։ Երկու խումբ է պատգամավորների այս պահին գտնվում Արցախում։ Ճանապարհին մտանք նաև Աղավնո, հանդիպեցինք Աղավնոյի համայնքապետ՝ Անդրանիկ Չավուշյանին, զրուցեցինք, ծանոթացանք իրավիճակին։ Այս պահին Ստեփանակերտում ենք, նոր ենք հասել։
- Որևէ խոչընդոտ չկա՞ր, հանգիստ անցե՞լ եք անցակետերը՝ հաշվի առնելով, որ որոշ ընդդիմադիրներին ու լրագրողներին չէին թողնում մտնել Արցախ։
- Այո, իհարկե, ինչո՞ւ չպիտի չկարողանայինք։ Ճանապարհը ասեմ, որ եթե նախկինում 5-6 տեղ էին ստուգում փաստաթղթերը, այս անգամ՝ ընդամենը երկու կետում էր։ Առաջին անցակետում՝ Աղավնոն էր, և մեկ էլ արդեն՝ Շուշիից հետո։
- Մյուս անցակետերը կա՞ն, թե՞ հանել են ռուս խաղաղապահները։
- Չէ, կան, բաց են, պարզապես չեն ստուգում փաստաթղթերը։
- Իսկ դա ինչո՞վ էր պայմանավորված։
- Չեմ կարող ասել։
- Բերձորում եղե՞լ եք։
- Դեռ նոր ենք հասել, անպայման այցելելու ենք։ Կխնդրեմ առաջարկեք, որ իշխանության պատգամավորներն էլ այցելեն Արցախ։
- Ի՞նչ ծրագրով եք մեկնել Արցախ։
- Հիմա կպլանավորենք այսօրվա և վաղվա կեսօրի հանդիպումները, ինչ-որ անհրաժեշտ կգտնենք, ում հետ որ անհրաժեշտ է, իհարկե, կհանդիպենք։