11/08/2022 12:50
«Պետք է շատ խոսենք»․ Քերոբյանը պատասխանեց, թե ինչ է անում Հայաստանը՝ Վերին Լարսի անցակետի թողունակությունը մեծացնելու ուղղությամբ
Լրագրողների հետ զրույցում Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն անդրադարձավ Լարսով բեռնափոխադրումների հետ կապված խոչընդոտներին՝ վստահեցնելով, թե արագ փչացող ապրանքների տեղափոխման հետ կապված խնդիրներ չկան, այդպիսի ապրանքներ փոխադրող բեռնատարներն անցնում են առանց հերթի։
«Իսկ մյուս ապրանքների մասով, այո, ունենք խնդիր։ Մեր արած աշխատանքի արդյունքում հուլիսին հայկական մեքենաների բեռնափոխադրումների ընդհանուր ծավալը, հունիսի նկատմամբ, աճել է 10 տոկոսով, բայց դա, միևնույն է, շատ քիչ է, որ հերթերի հարցը լուծվի», - ասաց Քերոբյանը։
Նրա խոսքով՝ իրենք շարունակում են աշխատանքը ռուս գործընկերների հետ, որպեսզի տարբեր ուղղություններով մեծացնեն Վերին Լարսի անցակետի թողունակությունը
«Մոտակա ժամանակներում նաև ֆիզիկական առումով ընդլայնում է տեղի ունենալու», - վստահեցրեց Քերոբյանը։
Հարցին՝ Հայաստանն ի՞նչ է անում այդ ուղղությամբ, Էկոնոմիկայի նախարարը պատասխանեց՝ հարավոր է խնդրի մասին շատ խոսել։
«Մենք ուղղակի պետք է շատ խոսենք և ընկերներին պատմենք, թե ինչով է դա կարևոր մեզ համար», - ասաց նա՝ նշելով նաև, որ հայկական ընկերությունները տրանզիտի համար գումար են վճարում, իսկ դա եկամուտ է ապահովում։