12/08/2022 18:00
Աչքերի մուգ շրջանակներ. Առաջացման պատճառներն ու խնդրի վերացման ուղիները
Աչքերի մուգ շրջանակները մաշկի գույնի փոփոխության հետևանքն են՝ կապտամոխրագույն կամ շագանակագույն երանգի շրջանակների տեսքով: Դրանք դեմքին տալիս են անառողջ, թուլացած տեսք, տեսողականորեն մարդուն դարձնում են ավելի ծեր և ոչ գրավիչ:
Աչքերի տակ մուգ շրջանակները կարող են վկայել ցանկացած ներքին հիվանդությունների մասին, և, հետևաբար, պահանջում են բժշկական ախտորոշում: Այդ խնդիրը պետք է լուծվի համապարփակ՝ վերացնելով պատճառները և կատարելով կոսմետիկ պրոցեդուրաներ (մեզոթերապիա, դիմակներ, միկրոհոսանքի թերապիա և այլն):
Աչքերի մուգ շրջանակների ամենատարածված պատճառը հոգնածությունն ու քնի քրոնիկ բացակայությունն է։ Քնի պակասը մաշկը դարձնում է գունատ և անշունչ՝ անոթներն ավելի տեսանելի դարձնելով։
Աչքերի շրջակայքի ոչ պատշաճ խնամքը (կամ խնամքի բացակայությունը), դիմահարդարման էժանագին միջոցները, նույնիսկ, աչքերը ձեռքերով տրորելու սովորությունը նպաստում են աչքերի տակ մուգ շրջանակների առաջացմանը։
Շատերի համար աչքերի մուգ շրջանակները գենետիկ հատկանիշ կարող են լինել: Եվս մեկ գործոն է մաշկի բնական ծերացման գործընթացը. տարիքի հետ մաշկը բարակ և շերտավոր է դառնում, իսկ անոթները շատ ավելի հստակ են երևում:
Խնդիրն հաճախ առաջանում է ջրազրկումից, հիպովիտամինոզից, ինչին կարող են հանգեցնել խիստ դիետաները։ Երբեմն աչքերի շուրջ ստվերները հայտնվում են շատ կարճ ժամանակում կտրուկ քաշի կորստի արդյունքում. այս դեպքերում առաջացման պատճառները կարող են լինել նյութափոխանակության խանգարումների արդյունք:
Մուգ շրջանակները խոսում են նաև լուրջ քրոնիկ հիվանդությունների մասին։ Նմանատիպ ախտանիշ կարող է առաջանալ երիկամների, մակերիկամների և սրտի անբավարարության, խոլեցիստիտի, անեմիայի, նյարդային համակարգի հիվանդությունների դեպքում:
Ենթադրվում է, որ աչքերի մուգ շրջանակների այս կամ այն երանգը կարող է ճշգրիտ ցույց տալ որոշակի օրգանների հիվանդություն՝
կապույտ-մանուշակագույն շրջանակներն առաջանում են արյան շրջանառության խանգարումների ժամանակ,
կարմրավունը հայտնաբերվում է ալերգիկ և երիկամային հիվանդությունների սրմամբ,
դեղինը հայտնվում է լյարդի և լեղապարկի հետ կապված խնդիրների դեպքում,
դարչնագույնը կարող է ցույց տալ քրոնիկական թունավորում և այլն:
Աչքերի տակի անհանգստացնող մուգ շրջանակներից ազատվելու համար անհրաժեշտ է իրականացնել աչքի շուրջ ամենօրյա խնամք։ Առաջին հերթին պետք է ապահովել բավարար գիշերային քուն՝ առնվազն 8 ժամ։ Հավասարապես կարևոր է հրաժարվել վատ սովորություններից, շտկումներ կատարել սննդակարգում՝ հարստացնելով այն թարմ բանջարեղենով և մրգերով, խուսափել սթրեսից և գերբեռնվածությունից, նվազեցնել տեսողական լարվածությունը:
Տարիքով պայմանավորված կարելի է կիրառել ամենօրյա աչքերի կրեմ կամ շիճուկ, որը պարունակում է կոլագեն, հիալուրոնաթթու, կանաչ թեյի էքստրակտ։ Խորհուրդ է տրվում օգտագործել արևապաշտպան քսուք՝ առնվազն 30 SPF-ով: Աչքերի տակի մուգ շրջանակների արագ և արդյունավետ քողարկման համար կարող եք օգտագործել բաց քսուքային հյուսվածքով քողարկիչ:
Ժամանակակից պլաստիկ վիրաբուժությունը առաջարկում է լիպոֆիլինգի միջոցով աչքերի տակի մուգ շրջանակները վերացնելու արմատական մեթոդ՝ ենթամաշկային ճարպի փոխպատվաստում դոնորային տարածքից դեպի խնդիր ունեցող տարածք։
Նկատելի և երկարաժամկետ էսթետիկ արդյունքի հասնելու համար նպատակահարմար է համատեղել պրոֆեսիոնալ պրոցեդուրաները և աչքերի շուրջ մաշկի տնային խնամքը։ Սա կբարձրացնի մաշկի առաձգականությունը և կվերականգնի երիտասարդությունը։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։
Բաժնի բոլոր նյութերին կարող եք ծանոթանալ ԱՅՍՏԵՂ։