12/08/2022 19:00
Արևի համբույր կամ պեպեններ. Ի՞նչ են առաջարկում մասնագետները դրանց վերացման համար
Պեպենները կլորացված ձևի փոքր, բազմակի, դեղնավուն-շագանակագույն պիգմենտային բծեր են, որոնք տեղայնացված են հիմնականում մարմնի բաց հատվածներում (դեմք, ուսեր, ձեռքեր, մեջք, կրծքավանդակ): Պեպենների առաջին ցաները սովորաբար ի հայտ են գալիս 5-6 տարեկանում՝ հասնելով առավելագույնի սեռական հասունացման շրջանում, դրանց առաջացման պատճառը ժառանգական գործոնն է։
Գարուն-ամառ ժամանակահատվածում արևի լույսի ազդեցությամբ պեպենների քանակը բազմիցս ավելանում է։ Ձմռանը դրանց դրսևորումներն ավելի քիչ են նկատելի։ Պեպենների դրսևորումն առավել ցայտուն է շեկ կամ կարմիր մազերով մարդկանց մոտ, տարիքի հետ դրանց թիվը նվազում է։ Չափավոր քանակությամբ պեպենները դեմքին տալիս են որոշակի հմայք։
Բացի ժառանգականությունից, պեպենների առաջացման վրա ազդում են հորմոնալ անհավասարակշռությունը, սթրեսը, լյարդի և լեղապարկի հիվանդությունները, հիպովիտամինոզը և այլն։ Ուստի մի շարք դեպքերում պետք է խոսել ոչ թե պեպենների բուժման, այլ դրանց առաջացման կանխարգելման մասին։
Մելանին պիգմենտի անհավասար կուտակումը մաշկի վրա հայտնվում է պեպենների տեսքով։ Ուստի պեպենների հեռացումը հնարավոր է միայն մաշկի մակերեսային շերտի հեռացմամբ։ Այդ նպատակով էսթետիկ կոսմետոլոգիայում կիրառվում են պեպենները հեռացնելու քիմիական մեթոդներ՝ մաշկի սպիտակեցում ապահովող թթուների համալիրով պիլինգներ։
Պեպենների հեռացումը հնարավոր է նաև ապարատային պիլինգի մեթոդով` մաշկի վերականգնում էրբիումի լազերով: Ծերունական պեպենները հեռացնելու համար կարելի է դիմել դիաթերմոկոագուլյացիայի մեթոդին։
Որոշ դեպքերում պեպենների հեռացումն իրականացվում է մաշկի քվարցացման միջոցով։ Պեպենները անհետանում են, և միևնույն ժամանակ նվազում է մաշկի զգայունությունը ուլտրամանուշակագույն ճառագայթների նկատմամբ։
Պեպենների սպիտակեցման և շերտազատման պրոցեդուրաների մեծ մասը հանգեցնում է կնճիռների վաղ ձևավորման, չորության և մաշկի վաղաժամ ծերացման: Այդ իսկ պատճառով պետք է լավ մտածել ձեր առանձնահատկությունը հանդիսացող պեպեններից ազատվելուց առաջ։
Եթե պեպենները բնածին չեն, ապա շատ ավելի հեշտ է կանխարգելել դրանց առաջացումը, քան բուժել։ Միայն իրավասու և որակավորված մասնագետների օգնությունը թույլ կտա նվազագույնի հասցնել պեպենների դրսևորումը կամ, նույնիսկ, ամբողջությամբ ազատվել դրանցից:
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։