12/08/2022 18:33
Պերֆեկցիոնիզմ. Հիվանդությու՞ն, թե անձնային դրական հատկանիշ
Պերֆեկցիոնիզմը անհատականության հատկանիշ է, որը բնութագրվում է կատարելագործվելու և իդեալին հասնելու ցանկությամբ: Այն դրսևորվում է իր և ուրիշների նկատմամբ չափազանց մեծ պահանջներով, բծախնդիրությամբ, գործողությունների արդյունքից հաճախակի դժգոհությամբ։
Երևույթի, իրավիճակով պայմանավորված դրա սրման և խնդրի լուծման մասին Aysor.am-ը զրուցել է հոգեբան Լիլիթ Շահազիզյանի հետ.
«Անձնական դիսֆունկցիոնալ վերաբերմունքը ձևավորվում է ընտանիքի ազդեցության տակ, ուստի արդարացի կլինի ենթադրել, որ պերֆեկցիոնիզմը հաճախ ծնողների ազդեցության արդյունք է: Այստեղ ամենամեծ դերը խաղում են ծնող-երեխա հարաբերությունների խախտումները, խիստ կանոնները, ծնողների կողմնորոշումը դեպի հաջողություն և ձեռքբերումներ՝ ի վնաս ցանկությունների ու ազատության», - ասաց հոգեբանը։
Ամեն ինչ անթերի անելու մշտական ցանկությունը հանգեցնում է միայնության, հանգստանալու և զվարճանալու անկարողության, նյարդային խանգարումների առաջացման: Պերֆեկցիոնիստները փորձում են կատարելության հասցնել նույնիսկ փոքր հարցերը, ինչը հանգեցնում է հանգստի համար ժամանակի սղության։ Նրանց համար դժվար է հանգստանալ, անմիջականություն վայելել, զվարճանալ։ Նրանք հազվադեպ են գտնում ընկերներ, որոնք համապատասխանում են իրենց բարձր չափանիշներին:
«Երկարատև պերֆեկցիոնիզմի դրսևորման ամենատարածված հետևանքները քրոնիկ էմոցիոնալ անհանգստությունն ու դեպրեսիան են: Սթրեսը և քրոնիկական հյուծվածությունը հանգեցնում են առողջության վատթարացման՝ առաջանում են գլխացավեր, սրվում են քրոնիկական հիվանդությունները։ Պերֆեկցիոնիստները հակվում են դեպրեսիայի, անհանգստության և միայնության զգացողության:
Խնդրի ախտորոշումը կատարվում է կլինիկական զրույցի, ֆունկցիոնալ թեստերի, անհատականության հարցաթերթիկների միջոցով: Նևրոտիկ պերֆեկցիոնիզմի հիմնական բուժումը կոգնիտիվ-վարքային հոգեթերապիան է»,- մանրամասնեց Լիլիթ Շահազիզյանը:
Հոգեբանը նշեց նաև, որ եթե հիվանդը պատրաստ է երկարատև բուժման, կարող են օգտագործվել մեթոդներ, որոնք օգնում են հասկանալ պերֆեկցիոնիզմի ծագումը և վերացնել դրանք։ Եթե բժիշկը օբսեսիվ-կոմպուլսիվ խանգարում կամ դեպրեսիա է ախտորոշել, ապա զուգահեռաբար իրականացվում է այդ հիվանդությունների դեղորայքային բուժումը։
Ճանաչողական թերապիայի միջոցով կարող է փոխվել հիվանդի ընկալումն իր մասին, վերացնել պերֆեկցիոնիստական ավտոմատ մտքերը, գիտակցել դրանց վնասակարությունը: Այս մեթոդի շրջանակներում օգտագործվում են ռացիոնալ դատողությունների, իրավիճակի վերլուծության և համոզելու տեխնիկա։
Վարքագծային թերապիան ուղղված է պերֆեկցիոնիստական սովորությունների, վարքային օրինաչափությունների շտկմանը։ Իրավիճակն ամբողջությամբ գնահատելու կարողությունը օգնում է սթրեսը հաղթահարելու ռազմավարությունների յուրացմանը։
Հոգեվերլուծական տեխնիկան օգտագործվում է պերֆեկցիոնիզմի իրական նախադրյալները որոշելու համար: Այն թույլ է տալիս գնահատել խնդիրները մանկությունից, արդյունավետորեն լուծել դրանք։
«ԿՅԱՆՔԻ ՈՐԱԿ» բաժնի գործընկեր՝ «ԴԵՐԺԱՎԱ-Ս» ընկերություն։