12/08/2022 16:50
Վայքի ՔՊ-ական քաղաքապետը մի քանի հարյուր միլիոն դրամի ծրագիրը հատկացրել է իրեն պատկանող ընկերությանը․ Էդգար Ղազարյան
Հասարակական-քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանն անդրադարձել է Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավարի հետ կապված կոռուպցիոն սկանդալին։
«Վայքի ՔՊ-ական քաղաքապետի կոռուպցիոն պատմությունը
- 2021 թվականի սեպտեմբերին արդեն խոշորացված Վայք և Զառիթափ համայնքներում Նիկոլ Փաշինյանն իրականացրեց վերախոշորացում, որպեսզի ժամկետից շուտ դադարեցվեն Վայքի և Զառիթափի համայնքների ղեկավարների լիազորությունները, ովքեր Ազգային ժողովի ընտրությունների ժամանակ աջակցել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներին։
- Նոր խոշորացված համայնքի ընտրողների ժամանակ ՔՊ-ն չէր հավաքել անհրաժեշտ ձայներ` քաղաքապետ ընտրվելու համար, սակայն ընտրություններից հետո ճնշում է գործադրվել «Հայաստան» դաշինքին աջակցություն ցուցաբերած Զառիթափի նախկին համայնքի ղեկավարի նկատմամբ, ով ստիպված օգնեց ՔՊ-ի թեկնածուին դառնալ Վայքի քաղաքապետ։
- Վայքի ՔՊ-ական քաղաքապետը մի քանի հարյուր միլիոն դրամի ծրագիրը հատկացրել է իրեն պատկանող ընկերությանը»,- գրել է էդգար Ղազարյանը։
Հիշեցնենք՝ նախօրեին «Հետքը» գրել էր, որ Վայոց ձորի մարզի Վայք համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագրեր է կնքել իր կնոջը պատկանող ընկերության հետ, ընդ որում՝ մինչև 2022 թվականը այդ ընկերությունը ղեկավարել է հենց ինքը՝ Մխիթար Մաթևոսյանը, սակայն համայնքի ղեկավար ընտրվելուց հետո ընկերության իր բաժնեմասն ու կառավարումը հանձնել է կնոջը՝ Մերի Մարգարյանին։